211652_close_icon
views-count732 դիտում article-date 20:26 18-05-2015

Քննարկվել են ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև տնտեսական կապերի զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմիին: Վարչապետը շնորհավորել է պարոն Կասեմիին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է հայ-էմիրաթյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը, ինչը կնպաստի կառավարությունների միջև փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը, տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու գործարար կապերի սերտացմանը: Դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմին նշել է, որ իր երկիրը մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու համատեղ ծրագրերի իրականացումը: Դեսպանի խոսքով՝ ԱՄԷ-ի մի շարք գործարարներ շահագրգռված են մեր երկրում ներդրումային ծրագրերի իրականացմամբ, և այդ նպատակով այժմ քննարկումներ են անցկացվում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ: Զրուցակիցները կարևորել և հեռանկարային են համարել համագործակցության խորացումը գյուղատնտեսության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է մեր երկրի տնտեսության տարբեր ճյուղերում ԱՄԷ-ի գործարար հատվածի ներգրավվածության ընդլայնումը և հայտնել ՀՀ կառավարության աջակցությունը երկու երկրների շահերից բխող յուրաքանչյուր նախաձեռնության: Հանդիպման ընթացքում դեսպան Կասեմին Հովիկ Աբրահամյանին է փոխանցել իր երկրի վարչապետի ջերմ ողջույնները և ԱՄԷ այցելելու հրավերը: Իր հերթին Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և դեսպանին փոխանցել ԱՄԷ-ի վարչապետի Հայաստան այցելելու հրավերը՝ նշելով, որ այն հնարավորություն կտա քննարկել երկկողմ տնտեսական համագործակցության խթանման և ընդլայնման ուղիները:

Նմանատիպ նյութեր