211652_close_icon
views-count626 դիտում article-date 17:46 18-05-2015

«Արի տուն» ծրագիրն այս տարի կմեկնարկի հունիսի 15-ից

«Արի տուն» ծրագրի շրջանակում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Երևանը կհյուրընկալի սփյուռքից ժամանած տասնյակ պատանիների և երիտասարդների: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը քաղաքապետարանի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ քննարկել են ծրագրի հետ կապված որոշ հարցեր: «Արդեն ավանդական դարձած այս ծրագրի շնորհիվ սփյուռքի նախարարության հետ մենք բազմաթիվ երեխաների ենք հյուրընկալել Երևանի վարչական շրջանների հյուրընկալ ընտանիքներում: Այս տարի ևս քաղաքապետարանն իր լիազորության շրջանակում պատրաստ է համագործակցության հաջող ընթացքի ապահովման համար հնարավորին աջակցել ինչպես նախարարության այս, այնպես էլ հետագա ծրագրերին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ տեղում պատասխանատուներին հանձնարարելով նախապատրաստական աշխատանքներ տանել ծրագրի՝ քաղաքապետարանի մասով պատշաճ կազմակերպման և իրականացման ուղղությամբ: Շնորհակալություն հայտնելով ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի կողմից մշտապես ցուցաբերվող աջակցության և պատրաստակամության համար՝ Հրանուշ Հակոբյանը նկատել է, որ ամեն տարի ծրագրի մասնակիցները քաղաքամայր Երևանից հեռանում են տպավորված ու նորից վերադառնալու սպասումով: «Այս տարիների ընթացքում «Արի տուն» ծրագրով ավելի քան հինգ հազար սփյուռքահայ պատանիներ ու երիտասարդներ են այցելել հայրենիք: Եվ առաջինն, իհարկե, ինչ տեսնում, հիշում և տպավորվում է՝ Երևանն է: Մայրաքաղաքով է, որ երիտասարդությունը նոր ուժ է ստանում ու հաջորդ տարի արդեն այստեղ վերադառնում ընտանիքներով, ինչի համար իսկապես շնորհակալ եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, և բոլոր այն պատասխանատուներին, ովքեր սրտացավորեն ամեն ջանք գործադրում են Երևանը երևանցիների ու նաև մայրաքաղաքի հյուրերի համար հարմարավետ, ջերմ և հյուրընկալ տան մթնոլորտով ապահովելու համար: Այս տարի ծրագրի առաջին փուլով, որը կմեկնարկի հունիսի 15-ից, Երևան կժամանի շուրջ 200 երեխա»,- նշել է Հրանուշ Հակոբյանը: Ծրագրի իրականացման նպատակով կձևավորվի համատեղ աշխատանքային խումբ: Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի մասնակիցների հյուրընկալման գործում ունեցած զգալի ներդրման համար ՀՀ սփյուռքի նախարարը մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ, Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարներին է հանձնել «Լավագույն գործընկեր վարչական շրջան» անվանակարգի հավաստագրեր:

Նմանատիպ նյութեր