Ռուսաստանի առաջնություն. «Սպարտակն» առանց Մովսիսյանի և Օզբիլիզի խայտառակ պարտություն կրեց ԲԿՄԱ-ից
Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրի կենտրոնական խաղում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ ընդունել էր ԲԿՄԱ-ին: Չնայած երկու թիմն էլ պայքարում են եվրոուղեգրերի համար, սակայն սպասված պայքարը չստացվեց:
Արդեն առաջին խաղակեսում բանակայինները երեք անգամ գրավեցին «Սպարտակի» դարպասը և հանդիպման հաղթողի հարցը լուծեցին: Երկրորդ խաղակեսը արդեն ձևական բնույթ էր կրում, թեպետ ԲԿՄԱ-ն ևս մեկ անգամ գրավեց «Սպարտակի» դարպասը և հաղթեց 4:0 հաշվով:
Նշենք, որ «Սպարտակի» կազմում հայտավորված չէին Հայաստանի հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիզը: Մովսիսյանը ոտնաթաթի վնասվածք էր ստացել, իսկ Օզբիլիզը նոր է սկսել մասնակցել թիմի հիմնական կազմի մարզումներին:
Այս հաղթանակից հետո ԲԿՄԱ-ն վաստակեց 56 միավոր և հանգրվանեց 2-րդ տեղում: Մեկ միավոր քիչ ունի «Կրասնոդարը», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Սպարտակը» 43 միավորով մնաց 7-րդ տեղում:
Ռուսաստանի առաջնություն, 28-րդ տուր
«Սպարտակ» - ԲԿՄԱ՝ 0:4