1486 դիտում
18:26 12-05-2015
Նախարար Սերգո Կարապետյանը մասնակցել է Նորապատի գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի բացմանը և խորհրդակցություն անցկացրել Արագածոտնում
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արմավիրի մարզի Նորապատ համայնքում մասնակցել է գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Կենտրոնը հիմնադրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի կողմից ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակում:
Բացմանը մասնակցում էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, այլ հյուրեր:
«Մեր հանրապետությունում ստեղծվել են յոթ գյուղատնտեսական սպասարկման կենտրոններ, որոնցից միայն մեկն էր այգեգործական ուղղվածության: Այսօր բացվող կենտրոնը կլինի նման բնույթի երկրորդ կառույցը, իսկ հետագայում այսպիսի կենտրոններ նախատեսվում է կառուցել բոլոր մարզերում», - նշել է Սերգո Կարապետյանը:
Նախարարը միաժամանակ հավելել է, որ պարարտանյութերի, թունաքիմիկատների և գյուղտեխնիկայի վաճառքից բացի կենտրոնը կզբաղվի նաև խորհրդատվական գործունեությամբ, իսկ հետագայում` նաև կաթիլային ոռոգման համակարգերի ու հակակարկտային ցանցերի ներկրման և վարկային ծրագրերի իրականացմամբ:
Նորաստեղծ կենտրոնը կնպաստի առաջադեմ տեխնոլոգիաների և ֆերմերային գործարարության զարգացման փորձի տարածմանն ու առաջխաղացմանը` էական դերակատարում ունենալով շուկայական կապերի դյուրացման և ֆերմերների ու գյուղական ՓՄՁ-ների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության գործում:
CARD հիմնադրամի հետ համատեղ կենտրոնը մշտական կապ կստեղծի այգեգործության, վերամշակման և ֆերմերային տնտեսությունների կառավարման նորագույն տեխնոլոգիաներ մատակարարող աշխարհահռչակ ընկերությունների և հայ ֆերմերների միջև: Կենտրոնը կծառայի նաև որպես գործնական սեմինարների անցկացման վայր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար:
Այնուհետև նախարարը մեկնել է Արագածոտնի մարզպետարան, որտեղ անցկացվել է մեղվաբուծության ոլորտին նվիրված խորհրդակցություն: Միջոցառմանը ներկա էին նաև Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Հայաստանի մեղվաբույծների ազգային ֆեդերացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանը:
Բացելով խորհրդակցությունը` նախարարն իր ողջույնի խոսքում ամփոփել է վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները:
Մասնավորապես անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին հատկացվող պետական աջակցության ծրագրերին` նախարարը նշել է, որ պարարտանյութերի և դիզելային վառելիքի բաշխման գործընթացը դեռևս ընթացքի մեջ է, և գյուղացիական տնտեսություններն անհրաժեշտության դեպքում կարող են լրացուցիչ հայտեր ներկայացնել:
Նախարարը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում պարարտանյութերը հողօգտագործողներին տրամադրվում են մատչելի գներով` 1 պարկ (50 կգ) ազոտական պարարտանյութը հողօգտագործողներին տրամադրվում է 6000, իսկ կալիումական և ֆոսֆորական պարարտանյութերը` 7000 դրամով:
Դիզելային վառելանյութը հողօգտագործողներին տրամադրվում է 1 լիտրը 350 դրամ վաճառքի արժեքով, 1 հեկտարի համար մինչև 200 լիտր նորմայով: Սահմանված առավելագույն քանակը 600 լիտր է:
Նախարարի խոսքով` գյուղատնտեսությունը հանրապետությունում վերջին տարիներին դինամիկ զարգացում է ապրում` ապահովելով միջինում 7,5 տոկոս աճ և զարգացման մեծ ներուժ ունի: Նախարարի հավաստմամբ վերջին տարիներին հանրապետությունում ավելացել է անասնագլխաքանակը, այդ թվում` նաև Արագածոտնի մարզում, ժամանակին իրականացվում են գյուղատնտեսական կենդանիների պատվաստումները:
Նմանատիպ նյութեր
1530 դիտում
16:29 11-10-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մասնակցել է Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին
4141 դիտում
16:27 30-06-2016
Նախարար Սերգո Կարապետյանն Արմավիրի մարզում հետևել է գյուղատնտեսական աշխատանքներին
1688 դիտում
12:13 11-03-2022
Վահան Քերոբյանը Դոհայում մասնակցել է AgriteQ 2022 գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսի բացմանը
Այս բաժնից
805 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1081 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1360 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ