35835 դիտում
17:14 08-05-2015
Մանվել Գրիգորյանը «Վան» ռեստորանում ճոխ հյուրասիրություն էր կազմակերպել և հյուրերի հետ հավասար ուրախանում էր, իսկ կենացները խմում նվեր ստացած ոսկյա գավաթով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երկրապահի տոնը այսօր՝ մայիսի 8-ին, ամփոփվեց Էջմիածնի «Վան» ռեստորանում:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանը ռեստորանում գտնվող 700-ից ավելի հյուրերի համար մատաղ և ճոխ հյուրասիրություն էր կազմակերպել: Այնտեղ էին նաև ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, քաղաքական այլ գործիչներ, հոգևորականներ, ինչպես նաև ավագ և պատանի երկրապահներ և արվեստի ոլորտի ներկայացուցիչներ:
Խնջույքը սկսվեց տերունական աղոթքով, այնուհետեւ ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին նահատակված ընկերների հիշատակը, որից հետո գեներալը բաժակաճառով հերթական անգամ շնորհավորեց ԵԿՄ-ականներին: Հիշեց Սպարապետ Վազգեն Սարգսյանին՝ նշելով, որ անփոխարինելի է նրա դերը պետության կայացման գործում և ընդգծեց, որ թեև այսօր արդեն նշել է, բայց հպարտությամբ ցանկանում է բաժակ բարձրացնել սահմանին կանգնած այն զինվոր տղաների համար, որոնց ինքը պաշտպանել է դեռ այն ժամանակ, երբ նրանք ծնված չեն եղել, բայց այսօր այդ տղաները սահմանին կանգնած պաշտպանում են իրեն և իր ընտանիքին:
Այնուհետև խնջույքը շարունակվեց ազգային-ազատագրական հայրենասիրական, ֆիդայական երգերով, որոնց ներքո անկաշկանդ պար էին բռնել հրավիրյալները: Նրանց իր խոսքով, ծափահարություններով ոգևորում էին նաև գեներալները, իսկ հետո տեղի ունեցան պարգևատրումներ:
«Վազգեն Սարգսյան» հուշամեդալով պարգևատրվեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԵԿՄ 20-ամյա հուշամեդալով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, նոր՝ ԵԿՄ 25-ամյա հուշամեդալով պարգևատրվեցին ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, առաջին կին-գեներալ, Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Պարգևատրվեցին նաև ԵԿՄ կառույցի մի շարք ղեկավարներ և այլոք:
Միաժամանակ նշվեց, որ ԵԿՄ-ն շարունակում է շնորհավորանքներ ստանալ ինչպես Հայաստանի տարբեր գերատեսչություններից, այնպես էլ սփյուռքից:
Ի դեպ, Եռասերունդ երկրապահը գեներալ Մանվել Գրիգորյանի համար անակնկալ նվեր էր պատրաստել՝ եղջյուրանման ոսկյա գավաթ, որը Մանվել Գրիգորյանին շատ դուր եկավ և իր կենացները նա շարունակեց խմել այդ գավաթով:
Գրեթե բոլոր ԵԿՄ-ականները նշում էին, որ ԵԿՄ-ն իրենց համար ոչ թե կառույց է, այլ ընտանիք, ինչը գալիս է Մանվել Գրիգորյանից և նրա նվիրվածությունից թե՛ կառույցին, թե՛ նրա անդամներին և հիշում էին գեներալին ուղղված Սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքը. եթե կա որևէ մեկը, որ կենդանության օրոք պետք է արժանանա հերոսի կոչմանը, դա դու՛ ես, Մանվել:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+