211652_close_icon
views-count4156 դիտում article-date 01:44 07-05-2015

Չեմպիոնների Լիգա. Մեսին չխնայեց Գվարդիոլային

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Բարսելոնա»-«Բավարիա» հանդիպումը, որին այդքան երկար սպասում էին, փառահեղ ստացվեց: Բազմաթիվ կանխատեսումներ էին արվել այս հանդիպման առթիվ: Բոլորն էլ միակարծիք են միայն նրանում, որ հանդիպումը կանցնի լարված, անզիջում, բարդ պայքարում: Այդպես էլ ստացվեց: Բայց մինչեւ 70-րդ րոպեն: Դրանից հետո սկսվեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի համերգը: Եվրագավաթներում իր հոբելյանական՝ 100-րդ խաղում արգենտինացին ընդամենը չորս րոպեում երկու անգամ գրավեց աշխարհի լավագույն դարպասապահ համարվող Մանուել Նոյերի դարպասը: Հատկապես ֆանտաստիկ ստացվեց նրա երկրորդ գոլը: Անիմաստ է այն նկարագրել, այն պետք է պարզապես դիտել եւ ոչ մեկ անգամ: Մեսին այս խաղով հերթական անգամ ապացուցեց, որ այսօր նա իրեն հավասարը չունի: Կրիշտիանու Ռոնալդուի երկրպագուները, իհարկե, կարող են այս տեսակետի հետ չհամաձայնվել, բայց Մեսիի ցուցադրած խաղը անկրկնելի է: Տիեզերական: Պեպ Գվարդիոլան թեկուզ 10 պաշտպանով խաղար, սակայն նման Մեսիի դեպքում դա էլ է քիչ: Երկու գոլի շնորհիվ Մեսին Չեմպիոնների լիգայում իր գոլերի քանակը հասցրեց 77-ի եւ ուղիղ մեկ գնդակով շրջանցեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Երկու գոլ խփելուց հետո Մեսին նաեւ երրորդ գոլի համահեղինակը դարձավ: Նրա փոխանցումից հետո Նեյմարը երրորդ անգամ գրավեց «Բավարիայի» դարպասը եւ «Բարսելոնան» հաղթեց խոշոր՝ 3:0 հաշվով: Վրեժը, որը կատալոնյան ակումբի երկրպագուները պահանջում էին, տեղի ունեցավ: Ուղիղ երկու տարի առաջ «Բավարիան» 3:0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»: Այսօր ճիշտ հակառակը տեղի ունեցավ: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 12-ին՝ Մյունխենում, բայց քիչ հավանական է, որ Մեսին եւ իր թիմակիցները մինչ այդ իջնեն տիեզերական բարձունքներից: Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում «Բարսելոնա» (Բարսելոնա, Իսպանիա) - «Բավարիա» (Մյունխեն, Գերմանիա)՝ 3:0 Լիոնել Մեսի, 77, 80, Նեյմար, 90+4
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր