211652_close_icon
views-count3628 դիտում article-date 13:42 06-11-2020

Ադրբեջանի հրահրած պատերազմը չխնայեց նաև ապագա ստոմատոլոգ Էմիլ Մարտիրոսյանի կյանքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. ««Մերօրյա հերոսները». Էմիլ Մարտիրոսյան Ադրբեջանի հրահրած պատերազմը չխնայեց նաև ապագա ստոմատոլոգ Էմիլ Մարտիրոսյանի կյանքը Հետմահու գրված բազմաթիվ տողերն առաց հուզմունքի կարդալը բարդ է: Բոլոր գրառումներն էլ հպարտության և լուսավորության որոշակի չափաբաժին ունեն և դա պատահական չէ, քանի որ նա ում ուղղված են այդ տողերը լուսավոր և լավատես երիտասարդ էր: «Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում»,- Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանող Էմիլ Մարտիրոսյանը սիրում էր մեջբերել ռազմաքաղաքական անվանի գործիչ Գարեգին Նժդեհի այս խոսքերը: Հարազատների բնորոշմամբ՝ Էմիլը սիրում էր կյանքը: Նրա համար կյանքը ինքնին ամենալավ բանն էր, որը կարող էր լինել։ Ապագա բժիշկ-մարտիկը ծնվել է 2001 թվականի հոկտեմբերի 19-ին, Արտաշատում: Երկու քույրերի փոքր եղբայրն ու հայրենիքի պաշտպանը սովորել է Սամվել Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետև ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։ Առաջին կուրսն ավարտելուց հետո՝ 2020 թվականի օգոստոսի 14-ին, զորակոչվեց բանակ։ Ծառայությունն անցնում էր Հադրութում: Շատ ժամանակ չէր անցել ծառայությունից, երբ սկսվեց պատերազմը։ Էմիլը զոհվել է հոկտեմբերի 1-ին զինվորական պարտքը կատարելիս: «Տարբեր նախասիրություններ ուներ, շատ էր ընթերցում: Նրա հետ կարելի էր զրուցել ամենատարբեր թեմաներով՝ Մոնթեի հայրենասիրական հայացքներից մինչև Սթիվ Ջոբս, որոնք նրա համար մարդկային արժանիքներով լի կենսագրություն ունեցող կերպարներ էին: Ունենալով հարազատ քրոջ օրինակը՝ մեծ հպարտությամբ էր նշում, որ բժիշկ է դառնալու: Բազում երազանքներ ու նպատակներ ուներ, որոնք անկատար մնացին»,- պատմում է քույրը՝ Մարիամ Մարտիրոսյանը: Էմիլը ծնողասեր զավակ էր, հոգատար ընկեր և եղբայր: Մոր հետ վերջին հեռախոսային խոսակցության ժամանակ նշել էր, որ ծառայությունը շատ լավ է անցնում և իր զորամասն ամենալավերից է: «Մարդկային տեսակն էր այդպիսին. թույլին կարեկցող էր և սատարող, անարդարությունը՝ չհանդուժող: Հպարտությամբ էր կրում զինվորական հագուստը: Պատերազմի մեկնարկից երեք օր անց զանգահարեց. վերջին խոսակցությունն էր: Կարևորը ձայնը լսեցինք և հանգիստ էինք: Նա այդպես էլ չհասցրեց իմանալ, որ մեծ քույրն իր առաջնեկին լույս աշխարհ բերեց հենց իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 19-ին»,- նշում է Մարիամը: «Էմիլն ասում էր. «Ցանկացած օր պետք է այնպես ապրել, ասես դա մեր կյանքի վերջին օրն է»: Միասին հասցրեցինք սովորել ընդամենը մեկ տարի»,- պատմում է համակուրսեցին՝ Աննա Ավագյանը: Երբեք չենք մոռանա ձեր կատարած սխրանքը, մեր կյանքի համար պարտական ենք ձեզ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր