Օբաման Պարսից ծովածոցի երկրներին առաջարկելու է ուժեղացնել համատեղ ՀՕՊ համակարգը
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարող է հաջորդ շաբաթ Պարսից ծոցի պետություններին համատեղ հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու առաջարկով հանդես գալ, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով արևմտյան ԶԼՄ-ներին:
Խոսքը, մասնավորապես, կարող է գնալ անվտանգության, նոր սպառազինությունների մատակարարման և համատեղ զորավարժությունների ակտիվացման մասին: Միևնույն ժամանակ ԱՄՆ վարչակազմի աղբյուրները նշել են, որ դրա վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել:
Վերլուծաբանների կարծիքով՝ Օբաման այդկերպ փորձում է մեղմել Իրանի հետ միջուկային համապարփակ համաձայնագրի ստորագրման շուրջ Արաբական լիգայի պետությունների մտահոգությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մայիսի 13-14-ը Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդները ԱՄՆ-ում բանակցություններ կվարեն Օբամայի հետ: