211652_close_icon
views-count896 դիտում article-date 10:37 30-04-2015

Տարածքային պահանջներ ունենալ-չունենալու մասին նախագահի հարցազրույցում որևէ խոսք չի եղել. ՀԱ

Ստորև ներկայացնում ենք մի հատված ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հետ «Հայոց Աշխարհ» օրաթերթի հարցազրույցից. « -Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախորդած իրադարձությունները և բուն միջոցառումները սառը ցնցուղ դարձան Թուրքիայի իշխանությունների համար։ Կարծում եմ, այս ամենը անհետևանք չի մնա. Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շարունակվելու է, և պաշտոնական Անկարայի ջղաձիգ հայտարարություններն ինչ-որ տեղ ավելի են ընդգծում պատասխանատվությունը, որից համառորեն փորձում են տարանջատվել՝ ժխտելով Հայոց ցեղասպանության փաստը։ Անգամ այն երկրները, որոնք, աշխարհաքաղաքական, տնտեսական ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, չեն ճանաչել պատմական իրողությունը, իրականում շատ լավ գիտեն, որ հանցագործությունը տեղի է ունեցել և պետք է պատժվի՝ ստանա արժանի գնահատական։ Հանրապետության նախագահը ռուսական առաջին ալիքի եթերում՝ Պոզներին տված հարցազրույցում, ևս մեկ անգամ փաստեց, որ Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված մեր ջանքերը շարունակական են լինելու, և մենք ակնկալում ենք, որ Թուրքիան ինքը վաղ թե ուշ ճանաչելու և դատապարտելու է Ցեղասպանությունը, ինչը անպայման ունենալու է իր հետևանքները, որպես այդպիսին։ Նախագահը նաև վստահություն հայտնեց, որ հայ-թուրքական հարաբերությունները վաղ թե ուշ պետք է կարգավորվեն, Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ և բացվեն սահմանները։ Կարծում եմ, այդ ուղղությամբ որոշակի տեղաշարժ առաջիկայում կունենանք։ -Ի դեպ, նախագահի հայտարարությունը, թե Հայաստանը տարածքային պահանջներ չունի Թուրքիայից, միանշանակ չի ընդունվել հանրության կողմից։ Մասնավորապես կարծիք կա, թե դա հակասում է իր իսկ կողմից ընթերցված Համահայկական հռչակագրի տրամաբանությանը, որտեղ խոսվում է Վիլսոնի իրավարար վճռի, Ցեղասպանության հետևանքների վերացման՝ հատուցման և այլ խնդիրների մասին։ -Նախագահը նման բան չի ասել, պարզապես Պոզների հարցին, թե ինչ ասել է՝ «հիշում եմ և պահանջում», ո՞րն է, ի վերջո, Հայաստանի պահանջը կամ ակնկալիքը Թուրքիայից, պատասխանել է՝ պահանջում ենք ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը, իսկ մնացած բոլոր հարցերը, հետևանքների վերացման հետ կապված, կարող են լինել բանակցությունների առարկա։ Տարածքային պահանջներ ունենալ-չունենալու մասին այդ հարցազրույցում որևէ խոսք չի եղել, այնպես որ այդ մեկնաբանությունները տեղին չեն և իրականությունից հեռու են» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր