956 դիտում
14:38 28-04-2015
Ներկայացվել է ՀՀ-ում քրեակատարողական համակարգի բարեփոխման հեռանկարների գնահատման հաշվետվությունը
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ապրիլի 28-ին մասնակցել է «ՀՀ-ում քրեակատարողական համակարգի բարեփոխման հեռանկարները. պրոբացիոն ծառայության հիմնադրումը ՀՀ-ում» գնահատման հաշվետվության քննարկմանը: Միջոցառումը կազմակերպել էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակը՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության հետ համատեղ:
Քննարկմանը մասնակցել են նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը, պետական ու հասարակական կառույցների այլ ներկայացուցիչներ:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ողջունել է ներկաներին և նշել, որ պրոբացիոն ծառայության ստեղծման անհրաժեշտությունը ամրագրված է ինչպես ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին ՀՀ նախագահի կարգադրությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրում:
Նախարարը տեղեկացրել է, որ Արդարադատության նախարարությունը գործընկերների հետ արդեն իսկ մշակել է Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգի նախագիծը, որը հանրային լայն քննարկումներ անցնելուց հետո լրամշակվել և ներկայացվել է ՀՀ կառավարություն:
«Հանրային կարծիքը կարևոր գործոն է որոշումներ կայացնելիս: Մենք ոչ միայն ականջալուր ենք լինելու դրանց, այլև ինքներս ենք խթանելու հանրային կարծիքի արտահայտումը. արդյունքում կունենանք հանրության կողմից առավել ընդունելի, լեգիտիմ որոշումներ»,-ընդգծել է նախարարը: Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն է հայտնել բոլոր շահագրգիռ կողմերին, մասնավորապես ԵԱՀԿ-ին՝ պրոբացիոն ծառայության ներդրման ուղղությամբ ՀՀ կառավարությանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը կարևորել է նման հանդիպումների կազմակերպումը և հույս հայտնել, որ հետազոտությունն ու այսօրվա քննարկումները կնպաստեն Կառավարության ջանքերին՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությամբ ստեղծելու արդյունավետ պրոբացիոն ծառայություն:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարությանը միջոցառմանը մասնակցելու համար և ընդգծել, որ պրոբացիայի հաստատությունը քրեական արդարադատության կարևոր բաղադրիչներից է:
«Հույս ունենք, որ զեկույցում ներկայացված առաջարկությունները՝ Հայաստանի օրենսդրական դաշտի, ինչպես նաև միջազգային փորձի վերլուծությունը, լավ հիմք կհանդիսանան համատեղ ջանքերով պրոբացիոն ծառայություն ստեղծելու համար»,- ասել է ՀԿ նախագահը:
Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են հետազոտությունում առկա եզրակացությունները, Հայաստանում պրոբացիոն ծառայություն ներդրման ռազմավարության հեռանկարները:
«ՀՀ-ում քրեակատարողական համակարգի բարեփոխման հեռանկարները. պրոբացիոն ծառայության հիմնադրումը ՀՀ-ում» հետազոտությունը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Այն ուղղված է քրեակատարողական համակարգում բարեփոխումների հեռանկարներին և Հայաստանում պրոբացիայի ծառայության ներդրմանը:
Նմանատիպ նյութեր
1514 դիտում
19:48 21-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Այս բաժնից
958 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության
868 դիտում
22:50 24-12-2024
Մալխասն իր ջազով ստեղծել է Երևան, որը հիշեցնում է մեր հարուստ մշակույթը․ Տիգրան Ավինյան