Հայտնի են Ս. Սարգսին նվիրված ցուցահանդես-մրցույթի հաղթողները. ֆոտոշարք
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ ս. Սարգսին նվիրված ցուցահանդես-մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը:
Հանդիսությունը ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու և թեմի երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը սկսեց Տերունական աղոթքով:
Ս. Սարգսի տոնակատարությունների համակարգող Էլզա Մանուկյանը ներկայացրեց ծրագիրը, շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր օգնել ու մասնակցել էին մրցույթին: Ապա տեր հայրը հաղթող ուսանողներին փոխանցեց գումարային մրցանակները:
Այս տարի առաջին անգամ ս. Սարգիս զորավորի տոնի առթիվ հայտարարվել էր մրցույթ ուսանող ստեղծագործողների համար՝ նկարների, քանդակի և կիրառական արվեստի բնագավառներում: Մրցույթին մասնակցում էին երեք բուհերի՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ, Գեղարվեստի պետական ակադեմիայի և Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ուսանողներ:
Ուսանողները «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով աշխատանքները ներկայացրել էին բուհերում կազմակերպված ցուցահանդեսների ժամանակ: Մասնագիտական ժյուրիի որոշմամբ ընդհանուր թվով հաղթող է ճանաչվել 21 ուսանող, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը: