Շնորհալիների փառատոնին կմասնակցեն նաև Տավուշի երեխաները
«Իզաբել» շնորհալիների կենտրոնի հանձնախումբը ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ թեմի մի խումբ երիտասարդների հետ մեկնեց Տավուշ:
Այցի նպատակը Տավուշից տաղանդաշատ երեխաների ընտրությունն էր, ովքեր կմասնակցեն մայիսին Երևանում «Իզաբել» շնորհալիների կենտրոնի կազմակերպած մեծ փառատոնին:
Հանձնախումբն այցելեց Պառավաքարի դպրոց, հանդիպեց ու զրուցեց աշակերտների հետ: Տեր հայրն օրհնեց երեխաներին ու աշխատակազմին: Այցի հաջորդ կանգառը Բերդ քաղաքի երաժշտական դպրոցում էր, որտեղ էլ կատարվեց շնորհալի երեխաների ընտրությունը:
Թեմի երիտասարդները նույնպես միացան հանձնախմբի աշխատանքներին՝ օգնելով ասմունքի, երգի, պարի, կերպարվեստի և թատերական ունակությունների բնագավառում շնորհալի երեխաների ընտրության հարցում, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը: