Հայ և չին գեղանկարիչները կմասնակցեն «Հայկական ներկապնակ» խորագրով փառատոնին
ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի նկարիչների միության, «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ, «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը` ս. թ. հոկտեմբերի 7-17-ը, ՀՀ Լոռու մարզում, «Հայկական ներկապնակ» փառատոնային ծրագրի շրջանակում կանցկացնի հայ-չինական գեղանկարչության փառատոն՝ «Մետաքսի հին ու նոր ճանապարհը» խորագրով:
Փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:
Փառատոնին մասնակցում են 20 արվեստագետներ. առաջին անգամ չին և հայ նկարիչները հայաստանյան գողտրիկ բնության գրկում, ստեղծագործական համատեղ աշխատանքի շրջանակում միմյանց կփոխանցեն իրենց փորձը և մասնագիտական հմտությունները:
Արվեստագետները նոր ստեղծագործություններով հանդես կգան համատեղ ցուցահանդեսով, ինչպես նաև վարպետության դասեր կանցկացնեն մարզի կերպարվեստի դպրոցներում: