211652_close_icon

Ցորենը Ղազախստանից ավելի էժան է գալու, քան կգար Ուկրաինայից. Ռուբինյան

views-count436 դիտում article-date 12:22 22-10-2025
Ցորենը Ղազախստանից ավելի էժան է գալու, քան կգար Ուկրաինայից: Այդ մասին, այսօր՝ հոկտեմբերի 22–ին, Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիտարկումներին, թե ցորենը ոչ թե երկաթգծով է անցնելու Ադրբեջանի տարածքով և մտնելու է Իջևան, այլ գալու է հասնելու է Վրաստան և Վրաստանով մտնելու է Հայաստան: Այս համատեքստում ընդդիմադիր պատգամավորը կարծիք էր հայտնել, թե դիվերսիֆիկացման արդյունքում կարելի էր ցորեն ներկրել նաև Ուկրաինայից, Ռուսաստանից, և Վրաստանի տարածքով այն նույնպես կմտներ Հայաստան:  

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր հերթին նշել էր, թե ընդդիմադիրների պահանջն է բոլոր ճանապարհների միաժամանակյա ապաշրջափակումը. «Դա ներառում է Հայաստան-Հայաստան ճանապարհի ապաշրջափակումը Նախիջևանի միջոցով, որն անհնար է, քանի դեռ Սադարակ-Երասխ երկաթուղին կամ անցումը կառուցված չէ, դա ներառում է Իջևան-Ղազախ ճանապարհի ապաշրջափակումը»:

Այս դիտարկումներին Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Իջևանի երկաթգիծը քանդած է, չի գործում: Գոյություն չունեցող երկաթգծով անհնար է բան ներկրել: Մեղրիի երկաթգիծն էլ քանդված է: Ձեր իշխանության օրոք Մեղրիի երկաթգիծը քանդել են, մետալալոմ են հանձնել»:
Խաչատրյանի դիտարկմանը, թե ընդդիմադիրների պահանջն է բոլոր ճանապարհների միաժամանակյա ապաշրջափակումը, Ռուբինյանը պատասխանեց. «Մենք ոչ միայն կողմ ենք, որ միաժամանակյա բացվեն, այլև եթե մինչև դա կարող են մեզ համար բաներ բացվել, թող բացվեն: Վա՞տ է, հա՞: Վա՞տ է, որ մեզ համար ոչ միաժամանակյա, բայց բան է բացվում»:

Անդրադառնալով Արթուր Խաչատրյանի մեկ այլ դիտարկման, թե նվաճողը սիրում է խոսել խաղաղության մասին, Ռուբինյանը պատասխանեց. «Ասում եք՝ նվաճողը սիրում է խոսել խաղաղության մասին: Լա՛վ, որ մեջբերում եք դասականին, շա՛տ լավ, մի հատ կկողմնորոշվեք: Ադրբեջանից հնչում է ապակառուցողական, թշնամական հայտարարություն, ասում եք՝ ահա, ձեր ամբողջ խաղաղության օրակարգը կեղծ է, քանի որ Ադրբեջանից հնչում են ռազմատենչ հայտարարություններ: Ադրբեջանից հնչում է խաղաղասիրական հայտարարություն, գալիս ասում եք՝ սա այն պատճառով է, որ նվաճողը սիրում է խաղաղություն: Այսինքն՝ ձեզ գոհացնելու ձև չկա՞, թե՞ կա, ուղղակի դուք դասական ռեժիմի մեջ եք, կողմ ըլլալով դեմ ըլլալն է ձերը»:

Նա հիշեցրեց, որ «Կողմ ըլլալով դեմ ըլլալ» արտահայտությունը հայտնվել է 1990–ականների սկզբին, երբ ՀՅԴ–ն չէր կարողանում ուղիղ ասել, որ դեմ է անկախությանը, դրա համար ասում էր՝ մենք կողմ ենք, բայց... ու մի 10 փաստարկ էր բերում, որ Հայաստանը չպետք է անկախ լինի։ Այդ մասին, ըստ նրա հայտարարել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Մարուխխյանը։

Հիշեցնենք՝ նախօրեին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև՝ ադրբեջանական ու վրացական երկաթգծով ՀՀ կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը գրել էր, որ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։

Նմանատիպ նյութեր