Գավառում կզարգացնեն մարզային երիտասարդական կազմակերպությունների կարողությունները
Գավառի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում երիտասարդների մասնակցությամբ քննարկվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից ներկայացված «ՀՀ հասարակական-քաղաքական գործընթացներին մարզային երիտասարդության մասնակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծման» ծրագիրը: Քննարկումը վարեց Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության, մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչության, ծրագրերի մշակման եւ իրականացման բաժնի պետ Արմենուհի Պետրոսյանն անդրադարձավ ծրագրի խնդիրներին, նշելով, որ անհրաժեշտ է զարգացնել մարզային երիտասարդական կազմակերպությունների կարողությունները եւ կատարելագործել մարզպետարանների աշխատակազմերի համապատասխան մասնագետների` երիտասարդության ոլորտի վերաբերյալ մասնագիտական հմտությունները:
Ծրագրի մեկնարկը կտրվի մայիսի 1-ից եւ կավարտվի 2017 թվականի դեկտեմբերի 30-ին: Ծրագրի իրականացումը կհամակարգի տարբեր նախարարություններից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը: Իրականացված ծրագիրը լուծելու է մարզային երիտասարդության իրավագիտակցական մակարդակի բարձրացման, մասնագիտական կողմնորոշման, բիզնես սկսելու եւ վարելու հետ կապված խնդիրները: