211652_close_icon
views-count1753 դիտում article-date 20:59 13-11-2026

Փարաքարի դեպքի վերաբերյալ դատարանում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Իրականության հետ որևէ աղերս չունի, այս մասին հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Փարաքարի դեպքի առնչությամբ դատարանում հնչած՝ նախկին փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանի վերաբերյալ հայտարարությանը, գրում է tert.am-ը։

Նա նշել է, որ դեպքի ժամանակ անձամբ եղել է Վաղարշապատի ոստիկանության բաժնում, սկզբից մինչև վերջ տեղյակ է գործընթացին և գիտի, թե ինչ ապացույցներ է վարույթն իրականացնող մարմինը ձեռք բերել ու իրավաչափ եղանակով հաստատել։

Նա դատարանում հնչած հայտարարությունն անհեթեթ է որակել՝ նշելով, որ այն իրականության հետ որևէ աղերս չունի և ժամանակը ցույց կտա, թե դատական վարույթն ինչ ավարտ կունենա։

Մեղադրյալ Գևորգ Հարությունյանը երեկ դատարանում հայտարարել էր, որ ինքը չի սպանել Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին, իսկ ինքնախոստովանական ցուցմունքը տվել է նախկին փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանի՝ իր ընտանիքին ուղղված սպառնալիքների ազդեցության տակ։

Հիշեցնենք, որ Վալոդյա Գրիգորյանն սպանվել էր 2025 թվականի սեպտեմբերի 23-ին։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2025թ․ սեպտեմբերի 23-ին կրակոցներ ու սպանություններ էին տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ էին հնչել և կային վիրավորներ: 

Ոստիկանության Վաղարշապատի բաժին էր ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Ժամանել էին քրեական ոստիկանության գլխավոր վարչութան պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը, Արմավիրի քրեական վարչության պետ Արթուր Բդոյանը:

Ժամանել էին նաև ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանապետի տեղակալ, պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը: 

Ոստիկանները Մերձավան վարչական բնակավայրի Երևանյան խճուղում հայտնաբերել էին արնանման հետքեր, կրակված պարկուճներ, գլխարկ, կոշիկ, բջջային հեռախոս և «Nissan» մակնիշի ավտոմեքենա, որի վրա կար կրակոցի հետք: 

Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ:
 
Տեղում աշխատել էր նաև Քննչական կոմիտեի փորձաքրեագետը: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոցների հետևանքով հիվանդանոցում մահացել էին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության օպերլիազորը: Կար մեկ վիրավոր: 
 
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» և «սպանության փորձ»-ի հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ: 
 
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր