Կանթեղներով երթ` «Հարության ավետիս» խորագրով
Ապրիլի 4-ին, ժամը 19.30-ին՝ հավարտ Սուրբ Հարության Ճրագալույցի ս. պատարագի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ երիտասարդները կազմակերպելու են «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթ: Այն կմեկնարկի առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցուց:
Երթի նպատակը մարդկանց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության ավետիսը փոխանցելն է:
Մասնակիցները Մ. Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով շարականների ու հոգևոր երգերի կատարումներով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ: Այստեղ քարե գորգի վրա երիտասարդները ծաղկյալ խաչի տեսքով կկազմեն և ընդհանրական աղոթք կառաքեն առ Աստված:
«Հարության Ավետիս» քայլերթին կմասնակցեն Արարատյան Հայրապետական թեմի, ՀՀԿ և ՀՅԴ, Հայաստանի ազգային սկաուտական շարժման, երիտասարդական հասարակական տարբեր կազմակերպությունների անդամները, զինվորներ, ոստիկաններ և այլք:
Այս մասին տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը: