211652_close_icon
views-count946 դիտում article-date 21:09 26-03-2015

Տավուշում հաշմանդամների զբաղվածության խթանման ծրագիր է իրականացվում

Տավուշի մարզպետարանում մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն ընդունեց «Առաքելություն Արևելք» դանիական կազմակերպության գրասենյակի ծրագրերի տնօրեն Սասկիա Դեսմեթին: Կազմակերպության ֆինանսավորմամբ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք» ծրագիրը, որը փորձում է լուծել երիտասարդ հաշմանդամների զբաղվածության խնդիրը: Ծրագիրն արդեն 1,5 տարի է ընթացքի մեջ է, և տիկին Դեսմեթի այս այցը նվիրված էր տեղում ծրագրի իրականացմանը, ծրագրի շրջանակում գործող քաղաքացիական գործընկերության հարթակի/ՔԳՀ/ գործունեությանը ծանոթանալուն: Լևոն Սարգսյանն անդրադառնալով ներառական կրթության ոլորտում իրականացրած աշխատանքներին և այս տարիների ընթացքում անցած ճանապարհին, նշեց, որ «Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք» ծրագրի միջոցով ապահովում են շարունակականություն: Ստեղծված հարթակը, որում հանդես են գալիս տարբեր շահագրգիռ հասարակական և պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այս գործընթացում մեծ դերակատարում ունի: Երկուստեք նշվեց, որ թեև մեկուկես տարին երկար ժամանակ չէ մեծ արդյունքներ արձանագրելու համար, սակայն բավական է, որպեսզի տեսանելի դառնան և արդյունքները, և այն խոչընդոտները, որ պետք է հաղթահարվեն: Այնուհետև Սասկիա Դեսմեթն այցելեց «Հույսի կամուրջ» ՀԿ, որտեղ հանդիպում ունեցավ քաղաքացիական գործընկերության հարթակի ներկայացուցիչների հետ: Նրանք ներկայացնում էին զբաղվածության պետական գործակալությունը, ՓՄՁԶԱԿ-ը, մեծահասակաների կրթության կենտրոնը, ներկա էին նաև շահերի պաշտպանության խմբի երիտասարդներ, ծնողներ: Այստեղ նույնպես զրույցն ընթացավ մեկուկես տարվա ընթացքում իրականացրած աշխատանքների վերաբերյալ, նշվեցին որոշ հաջողված օրինակներ, պետական այն ծրագրերի առավելությունները, որոնք արտոնություններ են տալիս հաշմանդամներին:

Նմանատիպ նյութեր