1685 դիտում
14:54 23-03-2015
Մոսկվայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով գրքի շնորհանդես
Մարտի 19-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. Վերապրածների վկայություններ. Փաստաթղթերի ժողովածու» խորագրով գրքի ռուսերեն տարբերակի շնորհանդեսը:
Միջոցառմանը մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ Դաշնային խորհրդի անդամներ Ի.Չերնիշենկոն և Ժ.Իվանովան, ՌԴ Պետական դումայի պատգամավորներ Ի.Ֆախրիտդինովը և Օ.Արշբայը, ՌԴ ԱԳՆ ԱՊՀ 4-րդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ա.Գրոմիկոն, ՌԴ Հանրային խորհրդի անդամ Կ.Զատուլինը, ռուսաստանյան հասարակական և գիտական բնագավառների և Մոսկվայի հայ համայնքային կառույցների ղեկավարներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ: Աշխատության ռուսերեն տարբերակը հրատարակվել է «ՎԱՆ» հասարակական կազմակերպության աջակցությամբ:
Դեսպան Եսայանն իր ողջույնի խոսքում դեսպանության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող համառուսաստանյան հանձնաժողովի անունից շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին՝ միջոցառմանը մասնակցելու և վերոնշյալ հանձնաժողովի աշխատանքներին նպատակային աջակցություն ցուցաբերելու համար: «Այսօր այս դահլիճում ներկա են Ռուսաստանի պետական, քաղաքական ու հասարակական բնագավառների անվանի ներկայացուցիչներ, նրանց թվում՝ ՌԴ Դաշնային խորհրդի հարգարժան անդամներ և Պետական դումայի բարեկամ պատգամավորներ, ռուսաստանյան քաղաքական կառույցների հայտնի ղեկավարներ և հասարակական, գիտական և մշակույթի ոլորտի անվանի գործիչներ, ովքեր, լինելով ներգրավված տարաբնույթ հանձնաժողովներում, իրենց մասնագիտական գործունեությամբ նպաստում են Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական դաշնակցային հարաբերությունների առավել խորացմանն ու շարունակ աջակցություն ցուցաբերում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին», - ընդգծեց դեսպանը:
ՌԴ-ում ՀՀ դեսպանն իր խոսքում կարևորեց նաև ներկայացված աշխատության ռուսերեն տարբերակի հրատարակման նշանակությունը՝ նկատելով, որ այն կծառայի ռուսաստանյան հասարակության շրջանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:
Գրքի հեղինակ, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշեց, որ ներկայացված ռուսերեն հրատարակությունը համալրեց հայերեն, անգլերեն և թուրքերեն լեզուներով նշյալ աշխատության թարգմանությունների ցանկն, ինչն առանցքային կարևորություն է ձեռք բերում Ցեղասպանության անհերքելի փաստերին միջազգային հանրությանը ծանոթացնելու գործում:
ՌԴ պետական արխիվի տնօրենի տեղակալ Լարիսա Ռոգովայան, հանդես գալով ներկաների առջև, նշեց, որ Հայոց ցեղասպանությունը պատմական այն ողբերգական էջերից է, որը հավերժ կմնա միջազգային հանրության հիշողության և համաշխարհային արխիվամատյանի մեջ: «Եվ փորձը ցույց է տալիս, որ այսպիսի ուսումնասիրություններն, ինչպիսին է Հայաստանի ազգային արխիվի կողմից պատրաստված աշխատությունը, ունեն հսկայական ազդեցություն նման արհավիրքների միջազգային ճանաչման և դատապարտման գործում», - նկատեց Լ.Ռոգովայան՝ շեշտելով ներկայացված աշխատության հասարակագիտական և պատմագիտական բացառիկ նշանակությունը:
ՌԴ Դաշնային խորհրդի և հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ Իգոր Չերնիշենկոն իր ելույթում ընդգծեց, որ 2015թ. միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է երկու դարակազմիկ իրադարձության՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ու Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձի վրա: Ըստ նրա՝ այս երկու կարևոր իրադարձությունները միավորում են հայ և ռուս ժողովուրդներին՝ պատմական արդարության վերականգնման և մարդկության հանդեպ ոճրագործությունների դեմ ուղղված պայքարում: «Հայտնի է, որ տասը տարի առաջ Ռուսաստանի խորհրդարանն ընդունեց հայտարարություն՝ քննադատելով Ցեղասպանությունը որպես մարդկության հանդեպ ծանրագույն հանցագործություն: Մենք պատրաստակամ ենք շարունակ ջանքեր գործադրել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Հայոց ցեղասպանության ամբողջական միջազգային ճանաչման գործընթացը պահանջում է հաջորդիվ քայլերի իրականացում, և այս հարցում մենք պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն», - հայտնեց Իգոր Չերնիշենկոն:
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև ռուսաստանյան «Պատմական հեռանկարներ» հիմնադրամի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Նատալյա Նարոչնիցկայան, Սևծովյան և կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Վիկտոր Նադեին-Ռաևսկին, քաղաքական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սվարանցը, «ՎԱՆ» հասարակական կազմակերպության հիմնադիր Գագիկ Մելիքյանը և այլոք: Բանախոսներն իրենց ելույթներում վկայակոչեցին անհերքելի փաստեր՝ Օսմանյան կայսրությունում հակահայկական քաղաքականության և իրագործված ցեղասպանության մասին, կարևորեցին ներկայացված փաստագրական նյութերի ժողովածուի ռուսերեն հրատարակության արդիականությունը մերժողական քաղաքականության և հաճախակի հանդիպող ապատեղեկատվության, պատմության վերատպման և աղավաղման դեմ պայքարում:
[img]/ups/images/0959211001427099971727568.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
1151 դիտում
22:32 12-03-2015
Հայոց ցեղասպանության թեմայով գրքի շնորհանդես Մոսկվայում
1076 դիտում
13:27 05-03-2015
Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով գրքի շնորհանդես
927 դիտում
12:15 11-04-2015
Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով գրքի շնորհանդես
Այս բաժնից
583 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել
1024 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին