211652_close_icon
views-count2064 դիտում article-date 21:47 16-03-2015

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ նիստի մասնակիցները մարտի 16-ին ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանի եւ ԱԺ պատգամավորների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի մասնակիցները ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Եվրախորհրդարանի անդամ, Լատվիայի Հանրապետությունը ներկայացնող Տատյանա Ժդանոկան ասել է, թե ուսանողական տարիներին է լսել Հայոց ցեղասպանության մասին։ Նա նշել է, որ այստեղ մարդը համակվում է զայրույթով ու ցասումով եւ մտածում՝ ինչպես կարելի է մոռանալ Աստծո պատվիրանը՝ սիրիր մերձավորիդ: Տատյանա Ժդանոկան նշել է նաեւ, որ Ռիգայում տեղադրված է Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքար-հուշարձան, որի մոտ ամեն տարի ապրիլի 24-ին Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ իրենք էլ հարգանքի տուրք են մատուցում զոհերի հիշատակին։  Եվրախորհրդարանի պատգամավոր, Չեխիայի Հանրապետությունը ներկայացնող Յարոմիր Շտետինան նշել է, որ բազմիցս եղել է Հայաստանում եւ ամեն անգամ այցելել է Ծիծեռնակաբերդ։ Եվ քանի որ կիսում է հայ ժողովրդի վիշտն ու ցավը, պատրաստ է աջակցել Հայոց ցեղասպանությանն ճանաչմանն առնչվող որոշումներին ու փաստաթղթերին: Նա իր գոհունակությունն է հայտնել Եվրոպայի Ժողովրդական կուսակցության՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր