211652_close_icon
views-count20346 դիտում article-date 16:09 15-03-2015

«100 լուսանկարչական պատմություններ՝ Հայոց ցեղասպանության մասին». Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը

Այս բացառիկ լուսանկարն արվել է Սողոմոն Թեհլերյանի դատավարության նիստերից մեկի ժամանակ՝ 1921 թվականի հունիսին, Բեռլինում: Հայերի հանդեպ կատարած ոճրագործությունների համար դատական պատասխանատվությունից խուսափած երիտթուրք հանցագործներին պատժելու նպատակով ձեռնարկվեց «Նեմեսիս» գործողությունը: 1921 թ. մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում գնդակահարեց Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալեաթին: Վերջինս ծպտյալ Գերմանիա էր տեղափոխվել՝ փոխելով արտաքինը և անձնական տվյալները: 1921 թ. հունիսին Բեռլինում կայացավ Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, որը տևեց երկու օր: Դատավարության ընթացքում Թալեաթի դեմ վկայություն տվեցին գերմանացի բարձրաստիճան սպա Լիման ֆոն Սանդերսը, հայտնի հասարակական գործիչ Յոհաննես Լեփսիուսը, ցեղասպանությունը վերապրած հայեր: Ս. Թեհլերյանին պաշտպանում էին Գերմանիայի անվանի իրավաբանները: Դատապաշտպանները Թալեաթի հանցանքը հիմնավորելու համար օգտագործեցին բնօրինակ հեռագրեր, որտեղ Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարարը հայերի բնաջնջման և տեղահանության հրամաններ էր տալիս: Դատավարության ընթացքում բերված փաստերի ու վկայությունների արդյունքում գերմանական դատարանն արդարացրեց Սողոմոն Թեհլերյանին: Դատավարությանը մասնակցում էր նաև երիտասարդ հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինը, ում կյանքում Թեհլերյանի գործը ճակատագրական նշանակություն ունեցավ. տարիներ անց արդեն փորձառու իրավաբանն ստեղծեց «գենոցիդ» եզրույթը, և նրա անմիջական ջանքերով նորաստեղծ Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան 1948 թվականին ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան:

Նմանատիպ նյութեր