211652_close_icon
views-count8433 դիտում article-date 12:19 17-02-2015

Անապատից հավաքված հայ որբեր. «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» գրքից

Լուսանկարում 1918 թվականին անապատներից հավաքված և Երուսաղեմ տարված հայ որբեր են: Ցնցոտիավոր, բոկոտն և ճաղատ գլուխներով այս տղա երեխաները տարբեր տարիքային խմբերի են: Նրանց մեծ մասը հայերեն չէր խոսում և կորցրել էր իր ազգային ինքնությունը: Որոշ ժամանակ պահանջվեց նրանց վերստին դեպի հայություն դարձի բերելու համար: 1915-1923 թվականներին Հայոց ցեղասպանության հետևանքով հազարավոր հայ երեխաներ որբացան և դավանափոխ եղան: Որբերից շատերը մահացան քաղցից և այդ տարիներին մոլեգնող տարբեր համաճարակներից: 1918 թ. աշնանը՝ Առաջին աշխարհամարտի ավարտից հետո, հայ որբերին անխուսափելի կորստից փրկելու համար գործուն աշխատանքներ իրականացրին հայկական միությունները, հայոց եկեղեցին, անհատները, հատկապես Հայկական լեգեոնի և հայկական կամավորական գնդերի զինվորականները, օտարերկրյա նպաստամատույց կազմակերպությունները (Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտե, Լոնդոնի քաղաքագլխի հիմնադրամ, Դանիացի տիկնանց միություն, ռուսական «Կարմիր խաչ», Ռուսաստանի քաղաքների միություն և այլն), ինչպես նաև միջազգային կազմակերպությունները («Կարմիր խաչ», Ազգերի լիգա): Հայ որբերին հավաքագրում էին Օսմանյան կայսրության տարբեր հատվածներից, սիրիական անապատներից, ազատագրում մուսուլմանական ընտանիքներից և թուրքական պետական որբանոցներից: Որբահավաք աշխատանքների շնորհիվ 1918-21 թվականներին հավաքագրվեցին ավելի քան 77.000 հայ երեխաներ, որոնք տեղաբաշխվեցին Թուրքիայի, Կովկասի, Մերձավոր Արևելքի հայկական և օտարերկրյա նպաստամատույց կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պետական որբանոցներում: «Հազարաւոր հայ մանուկներ գաւառներու մէջ թուրքերու տուները ցրուած էին, մեծ մասամբ իբրև ծառայ, քիչեր` որդեգիր և չափահաս աղջիկներ իբր կին: Զինադադարէն անմիջապէս ետքը այս որբերը որքան կարելի է հաւաքել եւ ազգին դարձնել առաջին պարտականութիւններէս մէկը նկատեցի, ո´չ միայն իբր Պատրիարք, այլ իբր հայ անհատ»: Զավեն Եղիայան Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Լուսանկարի աղբյուրը՝ Նուբարյան գրադարանի հավաքածու, Փարիզ «100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒՅԹՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» գրքից Նյութը՝ [url=http://www.genocide-museum.am/arm/16.02.2015-100photos.php]սկզբնաղբյուր կայքում[/url]

Նմանատիպ նյութեր