Արագած Ախոյանի հայտարարությունը՝ ԲՀԿ-ն լքելու վերաբերյալ
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը քիչ առաջ հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության իր անդամակցությունը դադարեցնելու հայտարարությամբ հանդես կգա ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը:
Ստորեւ ներկայացնում ենք պատգամավորի հայտարարությունը.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցությունս դադարեցնելու մասին.
Հարգելի հայրենակիցներ, սիրելի ընտրողներ
Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր ներկայացրել եմ դիմում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցությունս դադարեցնելու մասին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանդիսանալով «Արևմտահայոց Ազգային Համագումար» միջազգային կազմակերպության ազգային խորհրդի հիմնադիր անդամ և լիազոր ներկայացուցիչը՝ ՀՀ-ում, վերջին 2 տարիների ընթացքում ես առավելապես զբաղվել եմ Արևմտահայկական խնդիրներով, համահայկական մշակութային ծրագրերով և, իհարկե, նաև իմ ընտրատարածքի զարգացման հիմնախնդիրներով:
Ներկա պահին անթույլատրելի եմ համարում մասնակցել նման ներքաղաքական լարման տանող գործընթացներին՝ հաշվի առնելով ՀՀ և ԼՂՀ սահմանների՝ օրեցօր աճող ոչ ցանկալի իրավիճակը և Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվող համահայկական միջոցառումները, որտեղ ինքս ունեմ իմ պատասխանատվության բաժինը:
Ավելորդ չեմ համարում տեղեկացնել նաև, որ ԲՀԿ ղեկավար անձերի հետ առանձնազրույցների ժամանակ բազմիցս զգուշացրել եմ, որ, եթե կուսակցությունը որդեգրի այնպիսի քաղաքականություն, որը կտանի ներքաղաքական ակնհայտ առճակատումների և կստեղծի անհամատեղելիություն իմ հասարակական գործունեության հետ, որպես «Արևմտահայոց Ազգային Համագումար» կազմակերպության ազգային խորհրդի անդամ, ապա ստիպված եմ լինելու դադարեցնել իմ կուսակցական գործունեությունը:
ՀՀ Ազգային Ժողովում կշարունակեմ աշխատանքներս որպես անկուսակցական պատգամավոր:
Շնորհակալություն
Արագած Ախոյան»: