7478 դիտում
18:16 14-02-2015
Սրբոց Վարդանանց տոնը՝ Տավուշում. ֆոտոշարք
Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի լեռան լանջին մինչ օրս էլ պահպանվում է երբեմնի հսկայական տապալված կաղնու մասունքները:
Կաղնին սրբավայր է շրջակա գյուղերի բնակիչների համար, կաղնուն ու նրա տակից բխող աղբյուրի ջրերին բնակիչները հրաշագործ հատկություններ են վերագրում` բուժում է հիվանդներին, երազանքներ կատարում… Աղբյուրը Զորավարի աղբյուր են կոչում, ծառը` Մեծն Վարդան Զորավարի ծառ…
Պատմությունից հայտնի է, որ 450 թվին, Մեծ Հայքի հյուսիսային սահմաններին Խաղխաղի ճակատամարտում պարսիկների դեմ տարած փառահեղ հաղթանակից հետո, տունդարձի ճանապարհին սպարապետ Վարդան Մամիկոնյանը առատաջուր մի աղբյուրի կողքին զորքին հանգիստ է տալիս, ու ի նշան հաղթության, հենց աղբրի ակունքին մի կաղնի տնկում: Ծառը մեծանում է, սաղարթակալում ու դառնում հսկա:
Հնագույն ավանդությունը պատմում է, թե դարեր շարունակ գյուղի ծերերը այս ծառի մոտից են իրենց որդիներին բանակ կամ պատերազմ ճանապարհել ու հորդորել, որ Զորավարի աղբրից ջուր խմեն, որպեսզի չար ու փորձանք չդիպչի նրանց: 1976-ին Վարդանի ծառին այցի եկավ հայ ժողովրդի ռազմավարական դարավոր տաղանդի փառահեղ ժառանգորդը` Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը ու ժառանգականության խորհրդով էլ կործանված ծառի կողքին նոր կաղնի տնկեց:
Փետրվարի 12-ին, Սրբոց Վարդանանց տոնի օրը համահունչ էր մեր նախնիների՝ Զորավարի կաղնու մոտ հավաքվելու խորհդին: Այս անգամ Իջևանի զորամասերից մեկի հոգևոր սպասավոր Սմբատ սարկավագ Խանվելյանի գլխավորությամբ հավաքվել էին տոնելու Ս. Վարդանի և 1036 հաղթանակած սրբերի հիշատակը և որպես այդ հիշատակի կենդանի ապացույց՝ մի խումբ նորակոչիկներ զինվորական երդում տվեցին և ներկաներին հավաստիացրեցին, որ անմնացորդ կերպով կծառայեն հայոց հաղթանակած բանակում՝ վասն հավատո և վասն հայրենյաց: Իր օրհնության խոսքով հանդես եկավ և օրվա կարևորությանը և խորհրդին անդրադարձավ Տ. Սիմեոն քհն Առաքելյանը՝ ցանկանալով, որ Վարդանանց սրբերը օգնական և բարեխոս լինեն նրանց ողջ ծառայության ընթացքում: Ապա իրենց շնորհավորանքի խոսքերն ասեցին բանակային կորպուսի շտաբի պետ՝ գնդապետ Թեմուր Շահնազարյանը, ով շատ կարևորեց Վարդանանց ոգին և նրա դերը մեր պատմության հոլովույթներում: Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության քարտուղար Արշավիր Գաբուճյանի կողմից երդման ընթացքում զինվորներին որպես իրենց հավատի վկայություն բաժանվեցին Նոր Կտակարաններ: Երդման արարողակարգից հետո հայրենասիրական խրոխտ պարային ներկայացմամբ հանդես եկան Իջևանի մշակույթի տան պարային համույթը և նվագախումբը: Միջոցառման ավարտին Տ. Սիմեոն քահանայի ձեռամբ կատարվեց մատաղօրհնեքի արարողություն և ամբողջ զորամասի զինվորներին բաժանվեց մատաղ, որը կազմակերպվել էր Տավուշի մեծարգո մարզպետ, տիար Հովիկ Աբովյանի կողմից՝ ի պատիվ հայրենիքի պաշտպանության համար երդված զինվորների, որպեսզի նրանց ծառայությունը անցնի անվտանգ և առանց փորձությունների: Արարողության ավարտին զինվորները և սպաները իրենց հավատքի մոմերը վառեցին Զորավարի ծառի մոտ, ջուր խմեցին Զորավարի աղբյուրից, օրհնություն ստացան Տ. Սիմեոնի կողմից և «Պահպանիչ» աղոթքի ներքո՝ հոգեպես խաղաղված, բայց և մարտական ու բարձր տրամադրությամբ հեռացան սրբավայրից:
ՀՀ ՊՆ N զորամասի հոգևոր սպասավոր
Սմբատ սարկավագ Խանվելյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1875 դիտում
11:17 28-02-2014
Մայր Աթոռում տեղի է ունեցել Սրբոց Վարդանանց նվիրված հանդիսություն
1431 դիտում
22:56 12-02-2015
Սրբոց Վարդանանց տոնին նվիրված հանդիսություն` Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
3818 դիտում
18:43 12-12-2016
Քուվեյթի Սրբոց Վարդանանց եկեղեցու «Արարատ» սրահում տեղի ունեցավ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառ
Այս բաժնից
1966 դիտում
22:05 04-10-2024
Գազամատակարարման պլանային անջատումներ՝ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում
973 դիտում
21:46 04-10-2024
ՄԻՊ գործունեության անկախությունը սահմանափակելու փորձը պետք է բացառվի․ արձագանք՝ քաղաքապետարանին
1030 դիտում
21:24 04-10-2024
Սուրեն Պապիկյանն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն. ՊՆ