211652_close_icon
views-count3680 դիտում article-date 18:43 12-12-2016

Քուվեյթի Սրբոց Վարդանանց եկեղեցու «Արարատ» սրահում տեղի ունեցավ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառ

Քուվեյթի Ազգային առաջնորդարանի դրամահավաքի տիկնանց հանձնախմբի և Քուվեյթում ՀՀ դեսպանության մասնակցությամբ դեկտեմբերի 9-10-ը Քուվեյթի Սրբոց Վարդանանց եկեղեցու «Արարատ» սրահում տեղի ունեցավ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառ, որի բացումն իրականացրեց Քուվեյթում ՀՀ դեսպանի տիկին Լիլիթ Գալստյան-Բադեյանը։ Տոնավաճառի բացման արարողությանը ներկա էին Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մանվել Բադեյանը, Լիբանանի Հանրապետության դեսպան Մահեր Խեյրը, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի, Ռուսաստանի, Պաղեստինի դեսպանությունների առաջին տիկնայք, Սրբոց Վարդանանց եկեղեցու հոգևոր հովիվ Արտակ քահանա Քեհյայանը, ազգային մարմինների ու միությունների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ դրամահավաքի հանձնախմբի ատենապետ տիկին Նվեր Սեփիլյանը, ով իր խոսքում հանձնախմբի տիկնանց անունից շնորհակալություն հայտնեց դեսպանությանը` միջոցառմանն աջակցելու համար: Բացման խոսքով հանդես եկավ նաև տիկին Գալստյան-Բադեյանը, ով բարձր գնահատեց հայ կանանց նվիրումը հայապահպանության և եկեղեցաշինության գործին և գոհունակությամբ ընդգծեց այն փաստը, որ տոնավաճառից գոյացած միջոցներն ուղղվելու են եկեղեցու նոր շինության ներքին հարդարմանը: Սրբոց Վարդանանց եկեղեցում կայացած Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառը լայնորեն լուսաբանվեց տեղական լրատվամիջոցներով և Քուվեյթի պետական հեռուստատեսությամբ:

Նմանատիպ նյութեր