3312 դիտում
17:35 05-02-2015
Ս. Պետերբուրգից՝ Պերմ. ՋԱՀ-ը օրերս հիմնեց իր երկրորդ մասնաճյուղը. ֆոտոշարք
Դժվար է ասել, թե երբ է առաջին հայը ոտք դրել Ուրալ, փաստենք միայն, որ հայկական հետքը Մերձվոլգյան ֆեդերալ օգրուկի մեջ մտնող և 2005 թ. կազմավորված Պերմի երկրամասում ունի մի քանի հարյուր տարվա պատմություն, որտեղ հայության թիվն այսօր հասնում է շուրջ 50.000 – ի. այս թվի մեջ են մտնում նաև Պերմ քաղաքի թվով 9.500 հայերը:
Ջավախքի Օլավերդ գյուղի զավակ, Պերմի հայտնի գործարար, բարերար Գրիգոր Տաշչյանը նշում է, որ իր որդին, որն զբաղվում է քաղաքի ճարտարապետության ուսումնասիրմամբ, գիտական ուսումնասիրություններ կատարելիս Պերմի արխիվներում հայտնաբերել է քաղաքում Լազարյանների կալվածքների մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթեր, որոնց շնորհիվ իրենք պարզել են, թե Պերմի ներկայիս որ հատվածում են ժամանակին իրենց ներկայությունը հաստատել հայոց նշանավոր տոհմերից մեկի՝ Լազարյանների ներկայացուցիչները: Իսկ ահա մեկ այլ ջավախահայ, Ջավախքի Բոգդանովկա (այժմ՝ Նինոծմինդա) քաղաքի արվարձան հանդիսացող հնամենի Խոջաբեկ գյուղի զավակ, «Մետաֆրաքս» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, Պերմի նահանգի հայ համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Ղարսլյանը առանձին հպարտությամբ է նշում, որ Պերմում ժամանակին ապրել և ստեղծագործել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, որը հենց այս խստաշունչ քաղաքում է ստեղծել իր հռչակավոր «Գայանե» բալետը: «Երբ մենք հայտնաբերեցինք այդ փաստը, շատ մեծ աղմուկ բարձրացրինք, մեզ՝ պերմահայերիս համար շատ մեծ հպարտություն էր Արամ Խաչատրյանով ներկայանալը ռուսական միջավայր:
Դրանով Պերմում մեր համայնքը քաղաքակրթական մի նոր աստիճանի բարձրացավ, իսկ մենք՝ համայնքի ղեկավարներս, շարունակեցինք առավել մեծ պատասխանատվությամբ և պարտավորվածությամբ մոտենալ համայնքի կազմակերպման խնդիրներին», - նշում է Արմեն Ղարսլյանը: Գրեթե նույն կարծիքին է նաև համառուսաստանյան մակարդակի մեկ այլ խոշոր գործարար, Ջավախքի Ծալկայի շրջանի Ղուշչի գյուղի զավակ, Պերմի նահանգի հայ համայնքի ղեկավար Վաղարշակ Սարգսյանը, ով իր խոսքում և գործունեության մեջ մեծապես կարևորում է և՛ համայնքի շրջանում հայոց ավանդույթների պահպանման ու գալիք սերնդին փոխանցման խնդիրը, և՛ հայրենի Ջավախքի ու գյուղի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը:
Չնայած իր նյութական ունեցվածքի խոշոր չափերին ու բիզնես գործունեության ընդգրկուն ոլորտներին, Վաղարշակ Սարսգյանն իր առօրյա կյանքում և հայրենակիցների շրջապատում իրեն դրսևորում է որպես չափազանց համեստ, ջավախքցուն, իսկ ավելի խոր արմատներով՝ տոհմիկ կարնեցուն բնորոշ ազնվականի իր տեսակով, հայոց ավանդական նիստուկացով ապրող մարդ, որի խոսքին առանձնահատուկ փայլ է հաղորդում կարնո բարբառը. «Տղա՛ք ջան, էս ամենն օր կտեսնիք՝ գործարաններ և այլն, իսոնք սաղ մեկ կողմ, ինձի համար էս ամեն ինչի մեջ ամենաթանկ բանն այսիկ է», - նշում է Վ. Սարգսյանն ու մատնացույց անում իր աշխատասենյակում փակցված մեծադիր լուսանկարը, որը խոշոր պլանով ներկայացնում է նրա հայրենի Ծալկայի շրջանի Ղուշչի գյուղը: Ի դեպ, Վ. Սարգսյանը, լինելով գեղանկարների սիրահար, առանձնակի ջերմությամբ ընդունեց ՀՀ-ից ժամանած պատվիրակության նվերը՝ Ջավախքի խստաշունչ ձմռան տեսարան ներկայացնող գեղանկարը՝ փոխարենը նվիրելով Պերմի երկրամասի խորհրդանիշն ու այդ վայրերի մասին պատմող գրքեր:
Ե՛վ Վ. Սահակյանը, և՛ Ա. Ղարսլյանը Պերմ են եկել Խորհրդային բանակում ծառայությունն ավարտելուց հետո: Ա. Ղարսլյանը, ավարտելով Բոգդանովկայի ռուսական դպրոցը և ծառայելով Խորհրդային բանակում, ուսումը շարունակում է Պերմի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Դա հեռավոր 1988 թվականն էր: Պերմի քիմիական արդյունաբերական ձեռնարկությունների ու մի շարք արտադրական հիմնարկների ապագա ղեկավարն իր գործունեությունն սկսել է սկզբնական շրջանում աշխատելով դատաիրավական համակարգում: Այժմ, բացի ձեռնարկատիրական գործունեությունից, Ա. Ղարսլյանը զբաղվում է նաև հասարակական-քաղաքական գործունեությամբ. հանդիսանում է «Եդինայա Ռոսսիա» կուսակցության Պերմի տարածաշրջանային կառույցի քաղխորհրդի անդամ, Պերմի երկրամասային օրենսդիր ժողովի պատգամավոր, Պերմի Իրավաբանների ակումբի համահիմնադիր, Պերմի Առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի անդամ: 2013 թ. աշնանը մեծանուն բարերարի կողմից Ջավախքի հայրենի Բոգդանովկա քաղաքում հիմնադրվեց Ռաֆայել – Ջավախք Ղարսլյանի անվան կրթամշակութային, երիտասարդական կենտրոնը: Անվանի մտավորական Գ. Սնխչյանի և նվիրյալ հոգևորական Տեր Արմաշ քահանա Պողոսյանի հոգատարության տակ գործող այս կենտրոնն այժմ իր շուրջն է բոլորել հարյուրավոր սաների: Մշակութային սով ապրող Ջավախքում, հիրավի, սա պատմական երևույթ էր, որը համալրեց Ջավախքում ՀՕՄ-ի հոգատարության տակ գործող նմանատիպ մի քանի կենտրոնների շարքը:
Վաղարշակ Սարգսյանը նույնպես Պերմ է ժամանել ուսման նպատակով, որտեղ մինչ այդ սովորում էր նրա ավագ քույրը: Տնտեսության բնագավառում աշխատելու նրա ձիրքերը նա ժառանգել է հորից՝ Ղուշչի գյուղի կոլտնտեսության նախագահ Բորիս Սարգսյանից, որը դեռ մանկությունից որդու մեջ սերմանել էր անսահման աշխատասիրություն: Այժմ Վ. Սարգսյանը հանդիսանում է մետալուրգիական և մեքենաշինական խոշորագույն ձեռնարկության՝ «Մոտովիլիխինյան գործարանների» բաժնետերը, Պերմի երկրամասային օրենսդիր ժողովի պատգամավոր, այլևայլ ոլորտների խոշոր գործարար: Գիտակցելով տեղի հայության կազմակերպման և մշակութային զարգացման խնդիրները՝ համայնքի առաջնորդների ջանքերով 2000 թ. կազմավորվում է Պերմի նահանգի հայկական մշակութային կենտրոնը, որի նախագահը մինչ օրս հանդիսանում է Վ. Սարգսյանը: 2001 թ. համայնքային այս կազմակերպության հենքի վրա բացվում է Մ. Մաշտոցի անունը կրող հայկական դպրոցը: Համայնքի մտավորական Ժասմենա Հայրապետյանի տնօրինության տակ գործող դպրոցն այսօր ունի շուրջ 150 աշակերտ: Մշակութային կենտրոնի շրջանակներում կազմավորվել և շնորհաշատ Սարգիս Մարգարյանի ղեկավարությամբ ակտիվորեն գործում է Երիտասարդական կոմիտեն, «Կռունկ» պարային համույթը (խորեոգրաֆ Ալյոնա Հարությունյանի ղեկավարությամբ) և այլն:
Վ. Սարգսյանի, Ա. Ղարսլյանի, Գ. Տաշչյանի և համայնքի որոշ այլ բարերարների ջանքերով Պերմի ընդարձակ մի տարածքի վրա շուտով կղողանջեն Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայոց տուֆակերտ եկեղեցու զանգերը, իսկ նրան հարող տարածքում իր դռները կբացի բազմահարկ և խոշորածավալ շենքը՝ պերմահայոց մշակութային, կրթական, հոգևոր և երիտասարդական նոր կենտրոնը:
Հնուց եկած մի խոսք կա՝ «Միևնույն նպատակն ունեցող մարդիկ կյանքում մի օր անպայմանորեն հանդիպում են մեկմեկու»: Այդպես եղավ նաև Պերմի հայ համայնքի ղեկավարության և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) հոգաբարձուների պարագայում: Ունենալով միևնույն նպատակը՝ կարճ ժամանակամիջոցում վերջիններս բարեկամացան, և արդյունքում 2015 թ. սկիզբը նշանավորվեց ՋԱՀ-ի պատվիրակության Պերմ այցելությամբ և նահանգի հայության ղեկավարության կողմից բարեգործական միջոցառման իրականացմամբ:
Ձևավորված ավանդույթի համաձայն` բարեգործական միջոցառման շրջանակներում հատուկ տեղի հայ համայնքի համար կազմակերպվեց համերգային ցերեկույթ, որտեղ ելույթով հանդես եկան տեղի մշակութային կենտրոնի ներկայացուցիչներն ու հայրենիքից ժամանած արվեստագետները: Այդ նպատակով օրեր առաջ ՋԱՀ-ը Պերմ էր գործուղել «Կարին» ավանդական երգի – պարի խմբի գեղ. ղեկավար, ՋԱՀ-ի համահիմնադիր Գագիկ Գինոսյանին ու նույն խմբի կատարող Անի Գինոսյանին, ովքեր շուրջ մեկ շաբաթ Պերմ քաղաքի հայ համայնքի պարի համույթների հետ անցակցրեցին վարպետության դասեր: Միջոցառմանը Պերմի շնորհաշատ հայ երիտասարդ-կատարողների հետ համատեղ հանդես եկան նաև ՋԱՀ-ի պատվիրակության հետ ժամանած սիրված երգիչներ Մավր Մկրտչյանն ու Նարեկ Պողոսյանը:
Ինչպես ցերեկույթին, այնպես էլ բարեգործական ճաշկերույթի շրջանակներում ելույթներով հանդես եկան ՋԱՀ-ի պատվիրակության անդամներ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, հոգաբարձուներ Արարատ Մահտեսյանը, Սերգեյ Վանցյանը, Գագիկ Գինոսյանը, գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանն ու վերջինիս տեղակալ Վահե Սարգսյանը, որոնք բազմակողմանիորեն ներկայացրին ՋԱՀ-ի առաքելությունն ու ընդգծեցին Ջավախքին օժանդակելու անհրաժեշտությունը: Իրենց հերթին նախաձեռնությունը ողջունեցին և ՋԱՀ-ի ծրագրերի շուրջ համախմբվելու կոչով հանդես եկան համայնքի ղեկավարներ Վաղարշակ Սարգսյանն ու Արմեն Ղարսլյանը: Ջավախքին հուզող հիմնախնդիրները դիտարկելով համահայկական հարցի շրջանակներում՝ միջոցառմանն իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաև ծնունդով ՀՀ-ի տարբեր շրջաններից Պերմում իրենց տնտեսական գործունեությունը ծավալող անձինք, որոնց մեջ գերակշիռ մաս էր կազմում Գեղամա ավազանի հայությունը:
Բարեգործական երեկոյին ներկա շուրջ մի քանի տասնյակ նվիրատուների կողմից հավաքագրված միջոցները «Ջավախքին աջակցություն» հիմնադրամն ուղղելու է Ջավախքի սոցիալ-տնտեսական և մշակութային ոլորտներում առկա խնդիրների բարելավման ուղղությամբ: Ս. Պետերբուրգից հետո Պերմի երկրամասը երկրորդ վայրն է, որտեղ ՋԱՀ-ը ստեղծեց իր օջախը, մի հաստատուն հենարան, որի միջոցով յուրաքանչյուր ոք կկարողանա շարունակական դարձնել իր հայրենաշեն ծրագրերն ու
գաղափարները:
Վահե ՍԱՐԳՍՅԱՆ
Պերմ-Երևան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
7809 դիտում
17:41 13-07-2016
Երբ ապահովագրությունը բարեգործություն է. ՌԵՍՈ-ՋԱՀ համագործակցություն
3361 դիտում
16:41 06-12-2016
ՋԱՀ-ը մասնակցեց ՀԲԸՄ գալա ընթրիք-դրամահավաքին
5328 դիտում
18:03 28-04-2024
Բարեգործական երեկույթ․Վահան Տերյանի 140-ամյակին ընդառաջ ՋԱՀ-ը կվերականգնի մեծանուն գրողի տուն-թանգարանը
Այս բաժնից
1714 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ