Կապանում ցուցադրական ելույթ ունեցան հետախուզական վաշտի զինվորները
Նախօրեին Սյունիքի մարզկենտրոն Կապանում անցկացվեցին տոնական միջոցառումներ` նվիրված Հայոց բանակի օրվան:
Տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց քաղաքում տեղակայված N զորամասում: Այնուհետև միջոցառումները շարունակվեցին Կապանի Գ. Նժդեհ հրապարակում, որտեղ զինվորական հնարքներով ցուցադրական ելույթ ունեցան N զորամասի հետախուզական վաշտի զինվորները, իսկ երաժշտական կատարումներով` Կապանի քաղաքապետարանի փողային նվագախումբը:
Կազմակերպվել էր նաև այցելություն Բաղաբուրջի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ դրվեցին հայրենիքի նահատակների շիրիմներին և մեկ րոպե լռությամբ հարգվեց նրանց հիշատակը: Բաղաբուրջի հուշահամալիրում Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանն աղոթք հնչեցրեց առ Աստված՝ ի հիշատակ մեր զոհված հայրենակիցների:
Տոնական օրը եզրափակվեց Կապանի մշակույթի կենտրոնի հարակից հրապարակում կազմակերպված տոնական համերգով, հայտնում է Սյունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը: