211652_close_icon
views-count2931 դիտում article-date 21:30 25-07-2016

«Իմ Հայաստան» փառատոնի մասնակիցները ելույթ ունեցան Գյումրիում

Հուլիսի 24-ին Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնի «Պարարվեստի օրերի» շրջանակներում Սփյուռքից ժամանած պարախմբերը հյուրընկալվեցին Շիրակի մարզում: Փառատոնի մասնակիցներն այցելեցին Սուրբ Գրիգոր եկեղեցի (Արուճավանք) և Գյումրիի Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի : Երեկոյան Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ «Կռունկ» (Իրան, Իսպահան), Արմավիր», ( ՌԴ, Կրասնոդար), «Մասիս» (Արգենտինա), «Մեղրի» (ԱՄՆ), «Վանք» (Վրաստան), «ԱՆի-Մարիամ» (Վրաստան), «Տարոն» (Վրաստան), «Նաիրի» (ԱՄՆ) պարախմբերի համերգը: Համերգին ներկա էին Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչե Վարդանյանը: Համերգի ավարտին Վաչե Վարդանյանը Շիրակի մարզպետարանի անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը, հատկապես՝ նախարար Հրանուշ Հակոբյանին և անչափ կարևոր ծրագիրը՝ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը կյանքի կոչելու համար. «Արդեն 3-րդ անգամ է՝ Սփյուռքի պարախմբերը այցելում են Շիրակի մարզ, և մեզ պարգևում բարձր տրամադրություն: Ծրագրի շնորհիվ՝ հազարավոր հայորդիներ են ժամանում Մայր հայրենիք: Այսօր հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել հեռավոր Ամերիկայից և Արգենտինայից ժամանած պարախմբերին»,-նշեց Մշակույթի և սպորտի բաժնի պետը: «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Եսայանցը շնորհակալություն հայտնեց Շիրակի մարզպետարանի աշխատակիցներին, մարզպետ Հովսեփ Սիմոնյանին և Գյումրեցի հանդիսատեսին՝ սփյուռքահայ պարախմբերին գրկաբաց ընդունելու ու իրենց ծափողջույններով ոգևորելու համար: Իսկ սփյուռքահայ երիտասարդներին հորդորեց ավելի հաճախ գալ Հայաստան, և ամենակարևորը՝ հայերեն խոսել:

Նմանատիպ նյութեր