26110 դիտում
17:06 26-01-2015
Վրաերթի հետեւանքով 7-ամյա դստերը կորցրած հայրը չի հավատում, որ մահվան իրական մեղավորն է կանգնած դատարանի առաջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 26-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ հետաձգվեց անցյալ տարվա մայիսի 5-ին Երևանում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի փաստով հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Նշված քրեական գործով որպես մեղադրայ է հանդիսանում 23-ամյա Նարեկ Հարությունյանը, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Յունիթուլզ ՍՊԸ-ին պատկանող Volkswagen Caddy մակնիշի ավտոմեքանան կայանել է Անտառային փողոցի թիվ 122/7 հասցեի դիմաց, վայրէջքային երկայնական թեքությամբ ճանապարհահատվածում չի ապահովել կայանման անվտանգությունը, չի գործադրել կայանման արգելակն ու, չբացառելով ավտոմեքենայի ինքնաբերաբար շարժումը, թողնելով այն՝ հեռացել է, որի արդյունքում ավտոմեքենան ինքնաբերաբար շարժվելով և անցնելով շուրջ 20 մետր տարածություն, առջևի աջ անկյունային մասով վրաերթի է ենթարկել թիկունքով քարե պատնեշին հենված, միմյանց կողք-կողքի կանգնած՝ 58-ամյա Վարդանուշ Սիմոնյանին և նրա թոռներ, դեռահասներ՝ 5-ամյա Դավիթ և 7-ամյա Աննա Հարությունյաններին, վերջինիս պատճառել մահ, իսկ Վարդանուշ Սիմոնյանին և Դավիթ Հարությունյանին առողջության տևական քայքայումով միջին ծանրության մարմնական վնասվածքներ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում, վրաերթի հետևանքով մահացած 7-ամյա Ա. Հարությունյանի հայրը 39-ամյա Վահան Հարությունյանը ասաց, որ դեպքից արդեն անցել է 8 ամիս սակայն իր համար դեռ պարզ չէ ով էր Volkswagen Caddy մակնիշի ավտոմեքենան կայանել Անտառային փողոցի թիվ 122/7 հասցեի մոտ և հեռացել ավտոմեքենայից, արդյոք դեպքի վայր եկած և որպես վարորդ ներկայացած 23-ամյա Նարեկ Հարությունյանը որևէ կապ ուներ այդ ավտոմեքենայի հետ:
Վ. Հարությունյանը նաև նշեց, որ այսօրվա դատը կրկին հետաձգվեց, որովհետև ամբաստանյալի փաստաբանը հիվանդ էր, և մինչև հիմա բոլոր դատաքննությունները նման կերպ հետաձգվում են:
«Ուզում եմ, որպեսզի զգոնանան, իրական մեղավորի փոխարեն ուրիշ մարդ մեղքը չվերցնի իր վրա և պարզվի դեպքի բոլոր հանգամանքները, մեղավորները ստանան արժանի պատիժ»,- իր խոսքում նշեց Վ. Հարությունյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, 2014 թվականի մայիսի 5-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 19:40-ի սահմաններում Volkswagen Caddy մակնիշի 876 ԼՍ 63 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան կայանել էր Անտառային փողոցում և հեռացել ավտոմեքենայից, իսկ ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ էր ընթացել և Անտառային փողոցի 122/7՝ Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի տան մոտ, վրաերթի ենթարկել այդ պահին փողոցում գտնվող 2 անչափահաս երեխայի և 1 մեծահասակ կնոջ:
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել այդ պահին նշված հատվածում շինարարական աշխատանքներ կատարող մի քանի երիտասարդ տղաներ, ինչպես նաև պատգամավոր Հ. Հակոբյանը՝ իր տղայի հետ, ովքեր պատին սեղմված ավտոմեքենան հետ էին քաշել, որից հետո նոր կարողացել էին տատիկին ու 2 երեխաներին դուրս բերել մեքենայի մոտից:
Երեխաներին հիվանդանոց էին տեղափոխել քաղաքացիները, քանի որ շտապօգնությունն, ըստ հավաքվածների, ուշանում էր և միայն որոշ ժամանակ հետո բարեհաճել էր, իսկ մեծահասակ կնոջը տեղափոխել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել էին, որ վրաերթի ենթարկված երեխաները՝ տղա և աղջիկ, հիվանդանոց տեղափոխված տատիկի թոռնիկներն են: Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դեպքի վայր էր ներկայացել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 23-ամյա Նարեկ Հարությունյանը և հայտնել, որ ավտոմեքենան ինքն է կայանել նշված հատվածում, ով աշխատում է Դավիթ Անհաղթ 4 հասցեում գրանցված «Յունիթուլզ» ՍՊԸ-ում: Քննիչի հարցին, թե ինքն ունի՞ վարորդական իրավունքի վկայական, պատասխանել էր, որ երբևիցե չի ունեցել: Երևանի ՃՈ աշխատակիցները նրան տեղափոխել էին բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
Նմանատիպ նյութեր
18796 դիտում
14:41 01-08-2019
Տարիներ առաջ ծառայության ընթացքում որդուն կորցրած հայրը արդարություն է պահանջում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
2000 դիտում
22:19 09-01-2021
Անդրանիկ Թևանյան. Նիկոլը թիվ մեկ մեղավորն է, բայց նա միակը չէ