Նոր լաբորատորիաներ՝ ԵՊՀ-ում
ԵՊՀ-ում գիտական հետազոտություններ են կատարվելու ևս 3 նորաբաց լաբորատորիաներում և 1 կենտրոնում: ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ ստեղծված գիտական կենտրոնն ու լաբորատորիաները գործելու են Ռոմանագերմանական բանասիրության, Ֆիզիկայի, Ռադիոֆիզիկայի ու Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետներում:
Ֆիզիկայի ֆակուլտետում ստեղծված լաբորատորիան զբաղվելու է քվանտային տեխնոլոգիաների և նոր նյութերի ուսումնասիրությամբ:
Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի նորաստեղծ գիտական ստորաբաժանումը կոչվում է Մաթեմատիկական հետազոտությունների կենտրոն:
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում բացված լաբորատորիայում հետազոտվելու են տարօրինակ քվարկները սպիտակ թզուկներում և նեյտրոնային աստղերում:
Նորաստեղծ լաբորատորիաներից միակը, որը զբաղվելու է լեզվաբանական խնդիրներով, գործելու է Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում: Այն կրում է «Անգլալեզու հակահայկական քարոզչական դիսկուրսի հետազոտությունների լաբորատորիա» անվանումը:
Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ լրատվական ծառայությունը: