3500 դիտում
18:57 01-02-2021
ՌԴ մուտքի համար գործարկված «Ճամփորդում եմ առանց COVID-19» ծրագրում ներառվել են նոր լաբորատորիաներ
Հայաստանի քաղաքացիների՝ ՌԴ մուտքի համար գործարկված «Ճամփորդում եմ առանց COVID-19» ծրագրում ներառվել են կորոնավիրուսի թեստավորման նոր լաբորատորիաներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ի ժամը 17:00-ի դրությամբ արդեն ծրագրում ընդգրկվել են վճարովի ծառայություն մատուցող 6 լաբորատորիա` «Ցիտո» բժշկական կենտրոնի, «Նորմեդ» բժշկական կենտրոնի, «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի «Աստղիկ» բժշկական կենտրոնի լաբորատորիաներն ու «ԲԻՈՄԵԴ», «ՊՐՈՄ-ՏԵՍՏ», «ԷԿՈՍԵՆՍ» ախտորոշման լաբորատորիաները։
Աշխատանքներ են իրականացվում լաբորատորիաների ցանկն արագ ընդլայնելու ուղղությամբ: Հարթակում ընդգրկվելու համար ևս 3 լաբորատորիա անցել է գնահատման փուլը` «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև անձանց պետական սահմանով բացթողնման պարզեցված կարգ սահմանելու և «ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակի օպերատոր ճանաչելու մասին» 2020թ. դեկտեմբերի 28-ի կառավարության որոշմամբ սահմանված կարգի համաձայն:
Հավելվածին միացող նոր լաբորատորիաների ցանկը կթարմացվի, և տեղեկատվությունը հասանելի կլինի «Ճամփորդում եմ առանց Covid-19-ի» ծրագրի հավելվածից և առողջապահության նախարարության կայքից:
«Ինչ վերաբերում է առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում առաջացած խնդրին, ապա տեղեկացնում ենք, որ մի խումբ քաղաքացիներ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստ են հանձնել այնպիսի լաբորատորիաներում, որոնք այդ պահի դրությամբ ընդգրկված չեն եղել հավելվածում, ուստի թեստի պատասխանները վավեր չեն համարվել: Մինչդեռ, դեռևս հունվարի 27-ին առողջապահության նախարարությունը տարածել էր տեղեկատվություն, որտեղ նշված են վճարովի ծառայություն մատուցող լաբորատորիաների անունները և ծրագրից օգտվելու կարգը:
Հաշվի առնելով, որ ծրագիրը նոր է, կրկին հիշեցնում ենք մեր համաքաղաքացիներին.
ըստ այս կարգի` Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց առաջ անհրաժեշտ է ներբեռնել «Ճամփորդում եմ առանց Covid-19-ի» էլեկտրոնային հավելվածը:
Քաղաքացին անձնագրով, որով պետք է ճամփորդի, դիմում է ՊՇՌ թեստավորում իրականացնող (ծրագրում ընդգրկված) լաբորատորիա, տրամադրում անհրաժեշտ տվյալները, որոնք լաբորատորիայի կողմից ներմուծվում են «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակ:
Լաբորատորիան քաղաքացուն տրամադրում է համակարգից գեներացված համաձայնագիր` երկչափ պաշտպանված գծիկային կոդով (QR կոդ):
Քաղաքացին ստորագրում է համաձայնագիրը, ներբեռնում բջջային հավելվածը, սկանավորում QR կոդը, որն առկա է համաձայնագրում և հանձնում Covid-19-ի թեստ։
Թեստի արդյունքները լաբորատորիայի կողմից մուտքագրվում են համակարգ, որն արտացոլվում է քաղաքացու կողմից ներբեռնված հավելվածում` QR կոդի գունավորմամբ. դրական պատասխանի դեպքում` կարմիր, բացասականի` կանաչ:
Մեկնելուց առաջ անձը պետք է հավաստիանա, որ բջջային հավելվածում թեստի արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունն առկա է, և ամսաթիվը համապատասխանում է մեկնելու ժամկետին` թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ։
Սահմանը հատելիս ներկայացվում է բջջային հավելվածի QR կոդը։
Փետրվարի 1-ից պաշտոնապես գործարկվել է «Ճամփորդում եմ առանց COVID-19» ծրագիրը, որով հնարավորություն է տրվում Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն մեկնող քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կորոնավիրուսային հիվանդության լաբորատոր թեստի արդյունքը:
Նմանատիպ նյութեր
1498 դիտում
09:30 01-08-2023
«Մոռացված նախնիների ստվերները» ներառվել է Վենետիկի Venice Classics ծրագրում
1294 դիտում
09:14 19-09-2023
Հակոբ Սիմիդյանը ճամփորդում է քննարկումների անվան տակ․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»