45045 դիտում
16:49 20-01-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնեց Գյումրի՝ մասնակցելու 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ
Այս պահին Երևանից Գյումրի է մեկնում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետը մասնակցելու է ռուս պայմանագրային զինծառայող ստահակի կողմից սպանված 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությանը:
Մինչև այս պահը երեխայի դին չեն բերել, սակայն քաղաքացիների հոսքը եկեղեցի չի դադարում:
***
17:40
Ֆոտոլրագրողը հայտնեց, որ քիչ առաջ երեխայի աճյունը արդեն բերեցին Սուրբ Նշան եկեղեցի:
Հավաքվածները լացով դիմավորեցին փոքրիկին: Եկեղեցու բակը բազմամարդ է. փոքրիկին հրաժեշտ տալու են եկել, ոչ միայն գյումրեցիները, այլեւ Հայաստանի տարբեր վայրերից: Քաղաքացիների հոսքը եկեղեցի չի դադարում: Եկեղեցու ներսը եւս բազմամարդ է, որտեղ հիմնականում փոքրիկի հարազատներն ու պաշտոնյաներ են հավաքված:
Նշենք նաեւ, որ եկեղեցին շրջապատված է ծաղկեպսակներով: Հոգեհանգստին մասնակցում են կառավարությունը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, ներկա են նաև Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, իսկ Ազգային ժողովից՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ խմբակցությունների պատգամավորներ և այլ քաղաքական- հասարակական գործիչներ:
***
18:30
Հոգեհանգստյան արարողության կարգը անցկացնում է Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Նա ասաց, որ փոքրիկի մահվանից հետո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անձամբ զանգել է իրեն և ցավակցել, իսկ այսօր ցավակցական ուղերձ է ուղարկել, որը Սրբազանը բարձրաձայն ընթերցեց:
***
18:45
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը իր խոսքում նշեց, որ վարչապետի գլխավորությամբ եկել են հրաժեշտ տալու այն փոքրիկին, ով 7 օր ուշադրության կենտրոնում էր եւ, ով տղամարդու նման 7 օր, 7 գիշեր պայքարեց ապրելու համար:
«Հանձինս նրա երկունքում ավելացավ եւս մեկ հրեշտակ: Աստված այնպես տնօրինեց, որ ինքը միանա իր ընտանիքն: Եվ այսօր նա տիրոջ գրկում հանգստանում է իր ընտանիքի մյուս անդամների հետ: Սակայն ցավ, վիշտ կսկիծ է մեր ներսում: Ես կուզեի լինել պարզ մարդ, կանգնել եկեղեցու անկյունում եւ աղիողորմ լացել: Բայց ես այդ իրավունքը չունեմ: Ես պետք է մխիթարեմ ձեզ»,- նշեց Սրբազանը, ընդգծելով, որ անցած օրերին հիացել է մեր ժողովրդի տոկունությամբ, հաստատակամությամբ, կարեկցությամբ, աղոթասիրությամբ:
«Սա խոսում է այն մասին, որ մենք հզոր ժողվուրդ ենք եւ այդ հզոր ժողովրդի զավակներն ենք, որ կարողացանք այս վիշտը տանել: Եվ այս մանուկը՝ յոթերորդ զոհը, երկնքից ասում է` հանգիստ եղեք, խաղաղ եղեք, ապահով եղեք: Մենք երկնքի արքայության մեջ ենք: Եվ այսքանով բավական է մեծ կորուստներ տանք: Հետեւաբար՝ այսօր եւ վաղը մենք վիշտը պետք է տանենք լուռ եւ աղոթքով, առանց ցնցումների, առանց ավելորդ արտահայտությունների: Ութերորդ մարդուն վնաս չպետք է լինի»,- ասաց Սրբազանը եւ ավելացրեց, որ սա համազգային ողբերգություն էր, որից պետք է դուրս գանք՝ մեկս մյուսին հարգել, սիրելով: Սրբազանի խոսքով՝ այս մանկան կտակը միասնությունն է:
***
19:10
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Ս. Ավետիսյանի հոգեհանգստին մասնակցելուց հետո, վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարության անդամները Սուրբ Նշան եկեղեցուց ոտքով այցելեցին Գյումրի քաղաքի Յոթ վերք եղեկեցի, որտեղ անմեղ զոհերի հիշատակին և հոգու հանգստության համար մոմ վառեցին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 134+
134+