211652_close_icon
views-count547 դիտում article-date 16:00 20-01-2015

Արմեն Երիցյանն ընդունել է ԵԽ Գլխավոր քարտուղարության պատվիրակությանը

Հունվարի 20-ին ՀՀ տարածքային կառավարման և ատակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարության պատվիրակությանը: Այն գլխավորում էր Ժողովրդավարական հաստատությունների և կառավարման բաժնի ղեկավար Ալֆոնսո Զարդին: Եվրախորհրդի ներկայացուցիչները Հայաստան էին ժամանել «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի շրջանակներում, և սա նրանց առաջին հանդիպումն էր ՏԿԱԻ նախարարի հետ: Ողջունելով հյուրերին` նախարար Ա. Երիցյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար. - Համոզված եմ, որ մենք միասին գնալու ենք առաջ: Ամսից քիչ ավելի է, ինչ նշանակվել եմ այս պաշտոնում, սակայն միշտ աշխատել եմ համայնքների հետ: Տեղյակ եմ, թե ինչ է արվել ինձանից առաջ, և վստահեցնում եմ, որ մենք շարունակելու ենք մեր աշխատանքները` հզորացնելով տեղական ինքնակառավարման մարմինները և ապակենտրոնացնելով կարողությունները: Համայնքների խոշորացումը մեր կարևոր խնդիրներից է, և այդ հարցը գտնվում է վարչապետի հսկողության ներքո: ԵԽ պատվիրակության ղեկավար Ա. Զարդին պատասխան խոսքում շեշտեց, որ ՀՀ կառավարության հետ կա երկարատև ու արդյունավետ համագործակցություն և հույս հայտնեց, որ այն շարունակական կլինի. - Երկար ժամանակ այստեղ աշխատելով և վերլուծելով իրականացված ծրագրերի արդյունքները, մենք կարծում ենք, որ հիմնական խոչընդոտներից մեկը ՀՀ համայնքների մասնատվածությունն է, և դրանց խոշորացումն ավելի արդյունավետ կդարձնի համայնքների կառավարումն ու զարգացումը: Համաձայնելով գործընկերոջ հետ և օրինակ բերելով «911» ծառայությունում սայլակավոր հաշմանդամներին աշխատանքի ընդունելու փորձը` ՏԿԱԻ նախարարը նշեց, որ Հայաստանի 915 համայնքից յուրաքանչյուրին պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի` անձնապես պետք է հանդիպել համայնքների ղեկավարների ու բնակիչների հետ, հաշվի առնել նրանց կարիքներն ու խնդիրները, ինչպես նաև արդեն իսկ իրականացվող պիլոտային ծրագրերի ու ներդրումների միջոցով ցույց տալ, որ համայնքների խոշորացումը զարգացման տեսակետից ճիշտ ու շահավետ տարբերակ է: Հանդիպման ընթացքում ԵԽ ներկայացուցիչները նշեցին, որ Հայաստանը ցանկություն է հայտնել իրականացված ծրագրերից հետո անցկացնել նաև արդյունքների մոնիթորինգ, ինչը շատ բարձր է գնահատվում և վկայում կառուցողական փոխգործակցության մասին:

Նմանատիպ նյութեր