211652_close_icon
views-count98403 դիտում article-date 11:15 13-01-2015

Գյումրիում դաժան ոճրագործության հեղինակը իրավապահներին պատմում է դեպքի մանրամասները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այս պահին Գյումրիի 102-րդ ռազմաբազայում են գտնվում Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք հարցաքննում են երեկ՝ հունվարի 12-ին, Գյումրիի Մյասնիկյան 188 տանը դաժան սպանության մեջ կասկածվող, 102-րդ ռազմաբազայի ծառայող Վալերի Պերմյակովին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում օպերատիվ խումբը ղեկավարող ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը հայտնեց, որ Վ. Պերմյակովը սկսել է պատմել երեկ իրականացրած ոճրագործությունը: Ըստ Պերմյակովի ցուցմունքի՝ ինքը ցանկացել է զբոսնել և այդ նպատակով դուրս է եկել զորամասից և թակել Մյասնիկյան 188 հասցեի դուռը, որպեսզի ջուր խնդրի: Սակայն դուռը չեն բացել և նա ներխուժել է տուն, որից հետո տեղի է ունեցել դաժան սպանությունը: Հ. Պողոսյանի խոսքով՝ ներկա պահին քննարկվում է քրեական գործը վարույթ ընդունելու հարցը և չի բացառվում, որ ստահակի նկատմամբ քրեական գործ կհարուցվի նաև զորամասը լքելու, զենքով փախուստի դիմելու, ինչպես նաև սահմանը հատելու փորձ կատարելու համար: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության դատախազներն այսօր պայմանավորվածություն ձեռք կբերեն գործի քննության պահով: Բացի այդ, կնշանակվի բժշկական փորձաքննություն՝ պարզելու համար՝ արդյո՞ք Վ. Պերմյակովը հոգեկան հավասարակշիռ վիճակում է գտնվել հանցագործությունը կատարելու պահին: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], հունվարի 12-ին Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին 6 հոգու դի: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը` կին, մեկն էլ` փոքր աղջիկ, որոնց վրա կան հրազենային հետքեր: Դեպքի վայր էին ժամանել մարզի ոստիկանապետը, մարզի քննչական վարչության պետը, մարզի դատախազը և այլ պաշտոնատար անձինք: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր