211652_close_icon
views-count1192 դիտում article-date 20:12 09-01-2015

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահին

Հունվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին` Փարիզում «Շառլի Էբդո» ամսագրի խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել են տասներկու անձինք: Այս մասին տեղեկանում ենք Մայր աթոռի տեղեկատվական համակարգից: «Աշխարհասփյուռ Հայ Եկեղեցու, Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության անունից մեր խորին վշտակցությունն ենք հայտնում Ձերդ Գերազանցությանը, Ֆրանսիայի ժողովրդին և զոհվածների ընտանիքներին ու բարեկամներին: Խստագույնս դատապարտում ենք ահաբեկչական սարսափելի գործողությունը և բռնությունը, որ գործադրվել է Քրիստոնյա աշխարհի համար այս սրբազան օրերին», - ասվում է Վեհափառ Հայրապետի ցավակցագրում: Աղոթք բարձրացնելով անմեղ զոհերի հոգիների հանգստության համար` Նորին Սրբությունը հորդորել է միջազգային հանրությանը դատապարտել ահաբեկչության բոլոր դրսևորումները` հանուն աշխարհում արդարության, խաղաղության և կայունության ամրապնդման:

Նմանատիպ նյութեր