211652_close_icon
views-count12639 դիտում article-date 18:24 27-12-2014

Նախկին վարչապետի և քաղաքապետի խոստումները իրականություն դարձրեցին ներկա վարչապետն ու քաղաքապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Երևանի Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեում գտնվող Սոցիալական բնակարանային ֆոնդի հերթական շենքի բնակարանների հանձնման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջել է շենքով՝ ծանոթացել կատարված աշխատանքներին և բնակարանային պայմաններին: Շենքն ունի 45 բնակարան, որոնցից 21-ը հանձնվել է մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, 8-ը՝ մանկական խնամակալական կազմակերպությունների նախկին շրջանավարտներին և 16-ը՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին (3-ը՝ միածնող ընտանիքների, 9-ը՝ միայնակ կենսաթոշակառուների և 4-ը՝ սատարող ընտանիքների): Այսպիսով, լուծվել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն բազմիցս դիմած, առ այսօր լամպերի գործարանի հանրակացարանում, անմխիթար պայմաններում բնակվող 1988-1990 թթ. մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրը: Շենքի բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչապետ Աբրահամյանին՝ կառավարության կողմից այս ծրագիրն իրականացնելու և իրենց տարբեր խնդիրների լուծմանն օժանդակելու համար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակարանների հանձնման արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բնակիչները իրենց գոհունակությունը հայտնեցին վարչապետին և քաղաքապետին և խնդրեցին՝ հնարավոր սահմաններում լուծվի նաև շենքի գազաֆիկացման հարցը: Հենց տեղում վարչապետը հանձնարարեց պատկան մարմիններին, որպեսզի ուսումնասիրեն խնդիրը և կարճ ժամանակում լուծեն գազաֆիկացման հարցը, եթե այն չի վնասի բնակիչներին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին նաև, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը միշտ խոստանում էին, որ հարցը կլուծվի՝ անգամ քաղաքապետը սևով սպիտակի վրա գրել էր, սակայն սայլը տեղից չէր շարժվում, և միայն նոր լուծվեց մեր կացարանի հարցը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+

Նմանատիպ նյութեր