211652_close_icon

Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Երևանում. ժողովրդին հայտնի «Չարբախի փոսում» դիտահորից թափվող կեղտաջուրը 2 փողոց վերածել է սահադաշտի. հոտն անգամ զգացվում է սառնամանիքին, իսկ ներկա ու նախկին թաղապետերի խոստումները «օդ» դուրս եկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count18022 դիտում article-date 12:29 08-01-2026
Տևական ժամանակ է, ինչ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի «Չարբախի փոսի» Մարկվարտի անունը կրող փողոցում դիտահորից դուրս թափվող կեղտաջուրը լցվում է բնակիչների տան նկուղներ և հոսելով հասնում մինչև Հովհաննիսյան փողոց՝ ժողովրդին ավելի հայտնի 4-րդ փողոց, որտեղ էլ այն վերածվել է սառույցի, ինչի պատճառով էլ տարածքում ոչ միայն տիրում է գարշահոտ վիճակ, այլ նաև ստեղծված մերկասառույցի պատճառով տեղի են ունեցել մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարներ, բարեբախտաբար՝ առանց զոհերի ու վիրավորների։

Երեկ՝ հունվարի 7-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«Էս խնդիրը երկար տարիների պատմություն ունի։ Ինչքան թաղապետ փոխվեց Շենգավիթում, բոլորն ասում էին, թե հարցը կլուծեն, թերությունը կվերացնեն, բայց այդ ամենը դատարկ խոստումներ դուրս եկան։ 15 օր է՝ էս վիճակն է, 15 օր է՝ զանգահարում ենք Շենգավիթի թաղապետարան, Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, հեչ վեջներն էլ չի։

Հետաքրքիր է՝ էդ որ վճարումները մեր կողմից կանոնավոր կատարվում են, ինչո՞ւ թաղապետարանը միջոցներ չի ձեռնարկում էս գարշահոտ վիճակը վերացնելու համար։ «Վեոլիա ջուր» էլ չենք զանգահարում, որովհետև այնտեղից պատասխանել են, թե դա իրենց գործը չի, խնդրով պետք է զբաղվեն Շենգավիթի թաղապետարանում, իսկ այստեղ էլ միայն դատարկ խոստումներ են տալիս։ 

10-ից ավելի տան նկուղներ լցված են կեղտաջրով, գարշահոտ ու հակասանիտարական վիճակ է։ Հիմա ճիշտն ասած թաղապետից հույս չունենք, մի քանի անգամ թե՛ ներկա, թե՛ նախկին թաղապետերը խոստացել էին, բայց սայլը տեղից չի շարժվել։ Դրա համար էլ դիմում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, ում կարգախոսն էր «Ասե՛ք, կանե՛նք»։ Հիմա՝ հարգելի քաղաքապետ, ասում ենք՝ Չարբախի հայտնի փոսի 100-ից ավելի տների բնակիչների փրկեք էս հակասանիտարական վիճակից»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր