Դպրոցականների շախմատի մրցաշար` Տավուշում
Շախմատի Տավուշի մարզային ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ անց է կացվել դպրոցականների շախմատի մրցաշար` Մարզպետի գավաթի համար:
Մրցաշարն առաջին անգամ էր կազմակերպվում, սակայն կդառնա ավանդական, իսկ հաղթական գավաթն էլ կլինի փոխանցիկ: Մրցաշարը կայացավ Իջևանի թիվ 1 դպրոցում, շախմատ առարկայի դասավանդման համար նախատեսված դասասենյակում: Տղաների պայքարում 1-ին տեղը գրավեց Գարիկ Մամյանը` Ջուջևանի դպրոցից, նույն դպրոցից Եղիշե Ավագյանը 2-րդն էր, իսկ Վասակ Ջամալյանը՝ Աչաջրից, վերցրեց 3-րդ մրցանակը:
Աղջիկներից 1-ը Նոնա Դալլաքյանն էր` Աչաջրից, Լուսինե Ներսիսյանը Բերդից գրավեց 2-րդ տեղը, իսկ Լուսինե Մամյանը Նոյեմբերյանից՝ 3-րդ տեղը: Հաղթողները պարգևատրվեցին համապատասխան կարգի մեդալներով, հուշանվերներով:
Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի լրատվական ծառայությունը: