2070 դիտում
16:03 20-12-2014
ՀՀ արդարադատության նախարարն այցելել է Տավուշի մարզի առաջնագծի խրամատներ
Քաղաքացիների ընդունելություն Տավուշի մարզպետարանում
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Մարզպետարանում քաղաքացիների ընդունելության ժամանակ նախարարին ներկայացվել են իրավական, կենցաղային, սոցիալական բնույթի խնդիրներ: Լսելով մարզի բնակիչներին՝ նախարարը հանձնարարել է իր ենթականերին նախարարության լիազորությունների շրջանակում լուծումներ առաջարկել բարձրացված հարցերի վերաբերյալ: ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչները քաղաքացիներին նաև իրավական խորհրդատվություն են տրամադրել:
Հովհաննես Մանուկյանի հանձնարարականները ` մարզային ստորաբաժանումների ղեկավարներին
Նախարարն այցելել է Տավուշի մարզի ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման, Այլընտրանքային պատիժների կատարման ծառայությունների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններ և նոտարական գրասենյակ: Հովհաննես Մանուկյանը ծանոթացել է ՀՀ արդարադատության համակարգի աշխատակիցների աշխատանքային պայմաններին, ստուգել քաղաքացիների սպասարկման համար նախատեսված իրազեկող նյութերի առկայությունը, լսել բարձրաձայնած հարցերը: Նախարարը զրուցել է նաև քաղաքացիների հետ, հետաքրքրվել համակարգի վերաբերյալ նրանց կարծիքներով՝ հորդորելով չթաքցնել դժգոհությունները:
Քաղաքացիները ներկայացրել են մի շարք հարցեր՝ խնդրելով, հնարավորության դեպքում, նպաստել փաստաթղթաշրջանառության դյուրացմանը: Հանձնարարականներ տալով համակարգի մարզային ստորաբաժանումների ղեկավարներին՝ նախարարը քաղաքացիներին խոստացել է սեղմ ժամկետներում ուսումնասիրել նրանց խնդրանքները:
Այցելություն ՀՀ պետական սահմանին տեղակայված մարտական հենակետեր
Մարզային այցի շրջանակում արդարադատության նախարարն այցելել է ՀՀ պետական սահմանին տեղակայված մարտական հենակետեր, որտեղ նրան են միացել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Նրանք ծանոթացել են հերթապահություն իրականացնող զինվորների առօրյային, հերթապահության կրման պայմաններին, մարտական պատրաստականությանն ու զինվորների բարոյահոգեբանական վիճակին: Նախարարներն ու մարզպետը շրջել են դիրքերում, եղել առաջնագծի խրամատներում:
Նախարարը մասնակցել է Երրորդ կայազորային կարգապահական վաշտի նորակառույց շենքի բացման պաշտոնական արարողությանը
ՀՀ արդարադատության և պաշտպանության նախարարները համատեղ մասնակցել են Իջևանի Երրորդ կայազորային կարգապահական վաշտի նորակառույց շենքի բացման արարողությանը: Նախարարները ծանոթացել են վաշտի շենքային պայմաններին, ծառայողների համար նախատեսված աշխատասենյակներին, ընդհանուր տեխնիկական հագեցվածությանը:
Հովհաննես Մանուկյանն այցելել է երրորդ երկվորյակ որդիներ ունեցած իջևանաբնակ ընտանիքի անդամներին
Արդարադատության նախարարն իր մարզային այցն ավարտել է վերջերս երրորդ երկվորյակ որդիներն ունեցած իջևանաբնակ ընտանիքի հետ հանդիպմամբ: Հովհաննես Մանուկյանը նրանց է փոխանցել իր և պաշտպանության նախարարի նվերները: Նախարարը ծանոթացել է երեխաների հետ և զրուցել ընտանիքի հոր հետ: Հովհաննես Մանուկյանը երեխաներին մաղթել է առողջություն և ուրախ տոներ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
475 դիտում
16:29 30-10-2024
Վրացիները սերտել են թե՛ իրենց նախկին սխալները, թե՛, գուցե, ներկայիս Հայաստանի ողբալի դասերը. Աշոտյան
865 դիտում
15:15 30-10-2024
«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կարճատև տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս