211652_close_icon
views-count1199 դիտում article-date 21:05 16-12-2014

Դեսպան Ղազարյանը աշխատանքային այցով ժամանել է Կրակով

Դեկտեմբերի 12-14-ը Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը աշխատանքային այց կատարեց Լեհաստանի Մալոպոլսկի մարզ և Կրակով քաղաք: Դեկտեմբերի 12-ին դեսպան Ղազարյանին ընդունեց Լեհաստանի Մալոպոլսկի մարզի նահանգապետ Եժի Միլլերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-լեհական բարեկամական հարաբերություններին առնչվող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ եղավ Լեհաստանի Մալոպոլսկի մարզի և Հայաստանի մարզերից մեկի միջև համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև զբոսաշրջության, փոքր և միջին ձեռներեցության, կրթության և այլ բնագավառներում համագործակցության հեռանկարներին: Դեսպան Ղազարյանի հաջորդ հանդիպումը Կրակովի քաղաքապետ Յացեկ Մայխրովսկու հետ էր: Կողմերը քննարկեցին Հայաստանի և Լեհաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները: Մասնավորապես, քաղաքապետը հիշատակեց անցյալ տարի Գյումրիի քաղաքապետի՝ Կրակով կատարած այցը՝ բարձր գնահատելով հայկական կողմի պատրաստակամությունը երկու քաղաքների միջև համագործակցությունը զարգացնելու հարցում: Այնուհետև դեսպան Ղազարյանն այցելեց Կրակովի Յագելոնյան համալսարանի թանգարան, որտեղ հանդիպում ունեցավ թանգարանի տնօրեն, հայագետ, պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկայի հետ: Հանդիպման ընթացքում պրոֆեսոր Ստոպկան դեսպան Ղազարյանին ներկայացրեց իր կողմից մինչ այժմ իրականացված հայագիտական աշխատանքներն ու ուսումնասիրությունները, ինչպես նաև տեղեկացրեց կազմակերպված տարբեր գիտաժողովների մասին: Քննարկվեցին համալսարանի հետ փոխգործակցության հաստատման հնարավորությունները: Դեսպանը ներկա գտնվեց Կրակովի Յագելոնյան համալսարանի թանգարանում տեղի ունեցած Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ քննարկմանը, որը նախագահում էր Վարշավայի համալսարանի դասախոս, Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան Թոմաշ Կնոտեն, իսկ հիմնական բանախոսներն էին Հայ դատի երևանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը և քաղաքագետ, լրագրող, ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Արսեն Մելիք-Շահնազարովը: Քննարկմանը մասնակցում էին բազմաթիվ հայագետներ, ուսանողներ, դասախոսներ: Քննարկումից հետո դեսպան Ղազարյանը հանդիպեց Կրակովի Յագելոնյան համալսարանում սովորող հայ ուսանողներին և դասախոսներին: Դեկտեմբերի 13-ին դեսպան Ղազարյանը Կրակովի հայկական կիրակնօրյա դպրոցում ներկա գտնվեց դպրոցի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառմանը: Այցի շրջանակներում դեսպանն այցելեց Կրակովի կաթոլիկ եկեղեցի և եկեղեցապետի ուղեկցությամբ ծաղիկներ զետեղեց ավիավթարի զոհ դարձած Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Կաչինսկու և նրա տիկնոջ շիրիմներին:

Նմանատիպ նյութեր