211652_close_icon
views-count1268 դիտում article-date 22:13 29-09-2015

Դեսպան Ղազարյանը աշխատանքային այցով մեկնել է Սարդինիա

Սեպտեմբերի 25-ին կայացավ Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանի աշխատանքային այցը Սարդինիա: Կղզու Մանդաս քաղաքում տեղի ունեցավ դեսպանի հանդիպումը քաղաքապետ Մարկո Պիզանուի և Իտալիայի քաղաքապետարանների ազգային ասոցիացիայի նախագահ Ումբերտո Օպուսի հետ: Կողմերը քննարկեցին հայ-իտալական հարաբերություններին, երկու երկրների տեղական ինքնակառավարման մարմինների միջև կապերի զարգացմանը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանն առնչվող հարցեր: Այնուհետև զրուցակիցները միասին մասնակցեցին «Ճամփորդական գրականության 9-րդ միջազգային փառատոնի» բացման արարողությանը: Փառատոնում կայացան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրված երկու գրքերի շնորհանդեսներ: Ներկայացվեցին Անտոնիա Արսլանի «Փայտե մարգարիտների աղմուկը» և Ալեսսանդրո Արամուի, Աննա Մացցոնեի ու Ջիան Միկալեսսինի «Հայկական ցեղասպանություն. 100 տարվա լռություն» գրքերը: Փառատոնի բացմանը հաջորդեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Ասսադակա» Իտալա-արաբական և Միջերկրածովյան կենտրոնի կողմից կազմակերպած Ռոմոլո Էուկալիտոյի «100-ամյա լռություն. ցեղասպանության վերջին վերապրածները» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը: Թե Փառանոտի և թե ցուցահանդեսի բացմանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդի շուրջ ելույթներ ունեցան դեսպան Սարգիս Ղազարյանը, Մանդասի քաղաքապետ Մարկո Պիզանուին, Իտալիայի քաղաքապետարանների ազգային ասոցիացիայի նախագահ Ումբերտո Օպուսը, Փառատոնի գեղարվեստական տնօրեն Ռիկարդո Մոստալլինո Մուրջիան, և այլոք: Նույն օրը Մանդասի քաղաքային խորհրդի կողմից դեսպան Ղազարյանին շնորվեց Մանդասի Պատվավոր քաղաքացու կոչում: Սարդինիայի մայրաքաղաք Կալյարիում կայացավ դեսպան Ղազարյանի հանդիպումը Սարդինիայի փոխնահանգապետ Ռաֆաելե Պաչիի հետ: Կողմերը քննարկեցին Հայաստանի և Սարդինիայի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները՝ հատկապես կարևորելով առևտրատնտեսական և մշակույթի ոլորտներում կապերի ամրապնդման անհրաժեշտությունը: Սարդինիա այցի ընթացքում դեսպան Սարգիս Ղազարյանը հարցազրույցներ տվեց տեղական առաջատար “RADIOLINA” ռադիոկայանին և նահանգային “L’Unione Sarda” օրաթերթին: Դեսպանի հանդիպումները և Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները լուսաբանվեցին տեղական զանգվածային լրատվամիջոցների կողմից:

Նմանատիպ նյութեր