854 դիտում
12:57 15-12-2014
Համագործակցություն ՀԵՀ-ի և Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի միջև
Դեկտեմբերի 15-ին Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) 10 մարզային կենտրոններին նվիրաբերեց 10 պրոյեկտոր և 10 դյուրակիր համակարգիչ։
Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի հայաստանյան թիմի ղեկավար Ֆայտ Գեյզենհուսը նշեց, որ հատկացված տեխնիկան կնպաստի ՀԵՀ մարզային կենտրոնների աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։
Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի, Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև համագործակցության արդյունքում Արագածոտնի, Արմավիրի և Վայոց ձորի մարզերում իրականացվել են ուսուցանողների թրեյնինգներ՝ ֆինանսական գրագիտության բարձրացման վերաբերյալ։ Մասնակցել են ՀԵՀ մարզային կենտրոնների աշխատակիցներ, կամավորներ, որոնք զինվել են համապատասխան գիտելիքներով և հմտություններով՝ իրենց համայնքներում բնակչության ֆինանսական գիտելիքների մակարդակը բարձրացնելու նպատակով։ Այս սեմինարները շարունակվելու են նաև մյուս մարզերում։
Հիմնադրամները համատեղ ծրագրեր են իրականացրել նաև այլ նախագծերի շրջանակներում։
Ֆայտ Գեյզենհուսն ընդգծեց, թե իրենց նպատակն է օգնել հատկապես անցումային փուլում գտնվող երկրներին և կրճատել աղքատության ծավալները: «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Հայաստանում ամենամեծ ցանցն ունեցող կազմակերպություններից է, ահա թե ինչու համագործակցության համար ընտրեցինք այս կառույցը։ Մենք ծրագրեր ենք իրականացնում ամբողջ աշխարհում։ Մենք հավատում ենք անհատի` փոփոխություններ կատարելու կարողություններին և վստահ ենք, որ ամեն ինչ հենց անհատից է կախված»,- ասաց Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի հայաստանյան թիմի ղեկավար Ֆայտ Գեյզենհուսը՝ հատկապես ընդգծելով, որ իրենք աշխատանքներ են տանում ոչ միայն Երևանում, այլև հանրապետության մարզերում։
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը բարձր գնահատեց Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի հետ գործակցությունը։ Նա նշեց, որ ՀԵՀ-ը համագործակցության մեծ փորձ ունի միջազգային կառույցների հետ՝ Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամ, ԱՄՆ խաղաղության կորպուս, AIESEC, Վրաստանի երեխաների և երիտասարդության զարգացման հիմնադրամ, Համաշխարհային համալսարանական սպորտի ֆեդերացիա, Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամ, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ, Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտ (Netherlands Institute for Multiparty Democracy), ուսանողական մի շարք միջազգային կառույցներ։
«Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ճանաչված, վստահելի գործընկեր է, և բազմաթիվ միջազգային կառույցներ են մեզ դիմում առողջապահական, կրթական, զարգացման և բազմաբնույթ այլ նախագծերի շրջանակներում համագործակցության համար։ Տարեցտարի այդ կառույցների թիվն ավելանում է։ Եվ սա պատահական չէ, քանի որ հիմնադրամի ռեսուրսն ապացուցել է իր մեծ կարողությունները. ՀԵՀ միայն կամավորներով շատ խնդիրներ այսօր կարելի է լուծել։ Մենք բազմաթիվ ծրագրեր ունենք, որոնք ծավալային են նշանակությամբ և ազդեցությամբ»,- նշեց Կարեն Ավագյանը։
Նմանատիպ նյութեր
1794 դիտում
15:44 28-06-2017
Ինչպես արդյունավետ կառավարել անձնական ֆինանսները. ՀԵՀ-ը համագործակցություն է ծավալել ՄՀԳԽՀ-ի աջակցությամբ
Այս բաժնից
595 դիտում
18:06 30-10-2024
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «COP16» համաժողովի նախագահ Սուսանա Մուհամադի հետ
535 դիտում
17:13 30-10-2024
Իմ և Փաշինյանի մեջ սեպ մի՛ խրեք, դա անիմաստ է. Անդրանիկ Քոչարյան