1147 դիտում
12:13 13-12-2014
Տեղի կունենա մեներգիչների հանրապետական 6-րդ մրցույթի գալա համերգը՝ նվիրված Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին
Հ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի երաժշտական ընկերությունը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` 2014 թ. նոյեմբերի 7-ից դեկտեմբերի 4-ն իրականացրել են «Մեներգիչների (դասական երգեցողություն) հանրապետական 6-րդ» մրցույթը: Մրցույթն այս տարի նվիրվում էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին:
Մրցույթի մասնակցության հայտ էին ներկայացրել հանրապետության երաժշտական, արվեստի քոլեջների, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ, ասպիրանտներ, ինչպես նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդ արտիստներ՝ 52 արհեստավարժ երգիչ-երգչուհիներ: Վիճակահանությանը և 1-ին փուլին մասնակցել են 46 մեներգիչներ, որոնցից 22-ն անցել են 2-րդ փուլ, իսկ 13-ը՝ 3-րդ փուլ:
Մրցույթի ժյուրիի միաձայն որոշմամբ 1-ին կարգի մրցանակ /կանանց և տղամարդկանց ձայներ/ չի շնորհվել: 2-րդ կարգի մրցանակի արժանացել են /կանացի ձայներ/ Աշուրյան Տաթևիկը, Սաֆարյան Քրիստինեն, /տղամարդկանց ձայներ/՝ Թոնգուրյան Հայկը, Մալխասյան Անդրանիկը: 3-րդ կարգի մրցանակի արժանացել են /կանացի ձայներ/՝ Մարտիրոսյան Մարիաննան, Խաչատրյան Արմինեն, /տղամարդկանց ձայներ/ Վարդանյան Գագիկը, Սարգսյան Կիմը:
Հատուկ մրցանակների են արժանացել ամենաերիտասարդ մասնակցը` Գրիգորյան Նունեն «Հույսի մրցանակ» և Գ. Գասպարյանի երկացանկից «Լավագույն կատարման համար»՝ Նաջարյան Ալվինան:
Մեներգիչների (դասական երգեցողություն) հանրապետական 6-րդ մրցույթի դափնեկիրների եզրափակիչ գալա համերգը և Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունը տեղի կունենա երգչուհու ծննդյան օրը՝ դեկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նույն օրը՝ դեկտեմբերի 14-ին, ժամը 12:00-ին, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում երգչուհու շիրիմին կայցելեն մտավորականներ, երաժշտասեր հասարակայնություն՝ հարգանքի տուրք մատուցելու և խնկարկելու նրա հիշատակը: