211652_close_icon
views-count945 դիտում article-date 16:43 07-11-2014

Մեներգիչների հանրապետական 6-րդ մրցույթն այս տարի նվիրվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի երաժշտական ընկերությունը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` 2014 թ. նոյեմբերի 7-ից դեկտեմբերի 14-ը կանցկացնի Մեներգիչների (դասական երգեցողություն) հանրապետական 6-րդ մրցույթը: Մրցույթն այս տարի նվիրվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին: Մեներգիչների /դասական երգեցողություն/ հանրապետական մրցույթը անցկացվում է 1999 թվականից. 2008 թվականից՝ 3 տարին մեկ անգամ: Մրցույթն անցկացվում է հանրապետության շնորհալի երգիչ-երգչուհիների բացահայտման, նրանց մասնագիտական ներուժի խթանման, հետագա գործունեության ծավալման և տաղանդի դրսևորման, ինչպես նաև հայ օպերային արվեստի երախտավորների հիշատակը արժևորելու նպատակով: Հանրապետությունում անցկացված 5 մրցույթներին մասնակցել են 235 երիտասարդ երգիչ-երգչուհիներ. մրցույթները նվիրվել են Արշավիր Կարապետյանի /1999 թ./, Թամարա Շահնազարյանի /2004 թ./, Տաթևիկ Սազանդարյանի /2006 թ./, Պավել Լիսիցիանի /2011 թ./, իսկ 2008 թ. և այս տարվա մրցույթները՝ Գոհար Գասպարյանի հոբելյաններին: Մրցույթների դափնեկիրները համալրել են ոչ միայն ազգային օպերային թատրոնի, այլև արտերկրի առաջատար օպերային թատրոնների ստեղծագործական կազմերը և այսօր շատերը համարվում են հեղինակավոր թատրոնների առաջատար մենակատարներ: Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին նվիրված Մեներգիչների (դասական երգեցողություն) հանրապետական 6-րդ մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել 53 երգիչ-երգչուհիներ՝ հանրապետության երաժշտական, արվեստի քոլեջների, պետական կոնսերվատորիայի ուսանողներ, ասպիրանտներ, ինչպես նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդ արտիստներ: Մրցույթն անցկացվում է 3 փուլով. 1-ին փուլը՝ ս. թ. նոյեմբերի 11-14-ը, 2-րդ փուլը՝ նոյեմբերի 19-21-ը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում, 3-րդ փուլը՝ ս. թ. դեկտեմբերի 4-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում: Մրցույթի փուլերի սկիզբը՝ ժամը 12:00-ին: Մրցույթի դափնեկիրների եզրափակիչ գալա համերգը և Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյա հոբելյանական հանդիսությունը կկայանա երգչուհու ծննդյան օրը՝ դեկտեմբերի 14-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Մրցույթի հաղթողների համար (կանանց և տղամարդկանց անհատական) սահմանվել են հետևյալ մրցանակները. ◆ 1-ին կարգի՝ 2 մրցանակ, դիպլոմ, մրցանակ-արձանիկ, 300.0 հազարական դրամ, ◆ 2-րդ կարգի՝ 2 մրցանակ, դիպլոմ, մրցանակ-արձանիկ, 250.0 հազարական դրամ, ◆ 3-րդ կարգի՝ 2 մրցանակ, դիպլոմ, մրցանակ-արձանիկ, 200.0 հազարական դրամ Հատուկ մրցանակներ. ◆ «Հույսի մրցանակ»՝ ամենաերիտասարդ մասնակիցներին-100.0 հազ. դրամ, ◆ Գ. Գասպարյանի օպերային ստեղծագործությունների երկացանկից՝ լավագույն կատարման համար-100.0 հազ. դրամ, ◆ Ա. Տիգրանյանի 135-ամյակին նվիրված «Անուշ» օպերայից՝ Անուշի արիայի լավագույն կատարման համար-100.0 հազ. դրամ, ◆ Ա. Տիգրանյանի 135-ամյակին նվիրված «Անուշ» օպերայից՝ Սարոյի արիայի լավագույն կատարման համար-100.0 հազ. դրամ, ◆ լավագույն կոնցերտմայստերի համար-100.0 հազ. դրամ: Հատուկ մրցանակներ կարող են սահմանել ստեղծագործական միությունները, հասարակական կազմակերպությունները, անհատներ: Այս տարի, 1-ին անգամ, մրցույթն ունի նաև հեղինակային արձանիկ-մրցանակ, որը ստեղծել է քանդակագործ Արման Դավթյանը /Նուռ/: Ս. թ. նոյեմբերի 7-ին, ժամը 11:00-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում Մեներգիչների (դասական երգեցողություն) հանրապետական 6-րդ մրցույթին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը /մրցույթի կազմկոմիտեի նախագահ/, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, մրցանակ-արձանիկի հեղինակ քանդակագործ Արման Դավթյանը: Ասուլիսին անմիջապես հաջորդել է վիճակահանության արարողությունը, որով մեկնարկել է մրցույթը:

Նմանատիպ նյութեր