Եռյակում «երաժշտություն պատվիրողը» Գագիկ Ծառուկյանն է. Արարատ Զուրաբյան
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պատվախնդիր մարդ է եւ իր հարաբերությունները չի փչացնի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը:
Նրա խոսքով, Եռյակում մի ստվար զանգված մոլորության մեջ է, որովհետեւ այս ճանապարհով գնալը տանում է ոչնչացման: Միաժամանակ անդրադառնալով նախագահական ընտրություններին՝ ավելացրեց, որ Եռյակում «երաժշտություն պատվիրողը» ԲՀԿ-ն է, որն էլ իրավունք ունի որոշելու, թե նախագահի թեկնածու ում կառաջադրի:
Նա համոզված է նաեւ, որ եթե լարվածություն առաջանա Եռյակի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» միջեւ, ապա բանակցությունների սեղանին կնստեն Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը:
«Եռյակն ու իշխանությունները պայմանավորվածություն ձեռք կբերեն, կկիսեն իշխանությունը: Այստեղ ընդամենը չափաբաժնի հարց կառաջանա»,- ավելացրեց Ա. Զուրաբյանը:
Վերջինս արձագանքեց նաեւ այն հարցին, թե իշխանությունները կհամաձայնվե՞ն անցում կատարել 100%-անոց համամասնական ընտրակարգին, եւ հետեւյալ տեսակետը հայտնեց. «Իշխանությունը խաղում է խորհրդարանական ուժերի հետ: Նրանք համամասնական ընտրակարգին միշտ դեմ են եղել, որովհետեւ իշխանությունը վերարտադրելու համար ընդունելի տարբերակ է ունենալ ֆինանսական միջոցներ եւ իր ընտրած պատգամավորներին անցկացնել խորհրդարան»: