211652_close_icon
views-count950 դիտում article-date 16:40 27-11-2014

Հայաստանը մասնակցել է ավստրիական Գրաց քաղաքում կայացած «Քաղաքաշինության ապագան» խորագրով գլոբալ համաժողովին

Օրերս Միացյալ Ազգերի Կազմակերպության Տնտեսական Հանձնաժողովի (UNECE) հրավերով ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը մասնակցել է Ավստրիական Հանրապետության Գրաց քաղաքում կայացած «Քաղաքաշինության ապագան» խորագրով գլոբալ համաժողովին: Նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը համաժողովում հանդես է եկել «Ինչպե՞ս են անցումային տնտեսություն ունեցող երկրների կառավարություններն աջակցում «խելացի քաղաք» նախաձեռնությանը» թեմայով (Power Point Presentation), ներկայացնելով ՀՀ տարածական զարգացման ու պլանավորման բնագավառների առկա իրավիճակը, միակենտրոն տարաբնակեցման համակարգից` բազմակենտրոն համակարգին անցնելու մարտահրավերներն ու դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումները, տարածական պլանավորման հիմնարար դերը քաղաքների կայուն զարգացումն ապահովելու առումով: Տիկին Ալավերդյանն իր ելույթում կարևորել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքի համար միջազգային կազմակերպությունների հետ համատեղ` «խելացի քաղաք» պիլոտային ծրագրի մշակումը: Համաժողովը, իբրև Եվրոպայի կայուն զարգացման խնդիրներին առնչվող հեղինակավոր և ազդեցիկ միջոցառում, նպատակ ունի աջակցել քաղաքներին, դրանց պաշտոնական ներկայացուցիչներն և քաղաքաշինության քաղաքականության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներին բնակավայրերի առավել բարենպաստ միջավայրի ձևավորման հարցերում, միաժամանակ լավագույն հնարավորություն ընձեռելով աշխարհի փորձի և նորագույն գաղափարների փոխանակման, համագործակցության եզրույթներ հաստատելու և զարգացնելու համար: Համաժողովը արձանագրել է ողջ աշխարհում բնակչության սրընթաց ուրբանիզացման միտումները, կարևորելով քաղաքների զարգացման մեջ «կանաչ» գաղափարախոսության ներառումը: Այս համատեքստում է նաև ՄԱԿ-Ի «ՀԵՏ-ՌԻՈ+20» և «ՀԱԲԻՏԱՏ-III»-ի շրջանակներում քաղաքների գնահատումը, ինչպես նաև միջազգային մակարդակում մի շարք ինովացիոն ծրագրերի, այդ թվում` «խելացի քաղաք»/smart city նախաձեռնության իրագործումը: «Խելացի քաղաք» նախաձեռնությունը նորագույն տեխնոլոգիաների կիրառման հնարավորությամբ հետապնդում է միմյանց փոխլրացնող բնական և մարդածին միջավայրերի ներդաշնակ համակցման արդյունքում մարդու համար բնակվելու, աշխատելու և հանգստի համար բարենպաստ և անվտանգ կենսատարածքի ձևավորման նպատակ: Համաժողովի աշխատանքներին ելույթով հանդես է եկել նաև Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը: Հանդիպումներ են տեղի ունեցել մի շարք միջազգային կազմակերպությունների, փորձագետների և մասնագիտական շրջանակների ներկայացուցիչների, ինչպես նաև Եվրամիության երկրների քաղաքապետերի հետ: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի պիլոտային ծրագրի հայեցակարգը և դրա իրագործման միջոցառումների ծրագիրը մշակելու վերաբերյալ` «խելացի» քաղաքների միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա, «կանաչ ճարտարապետության» հիմնարար սկզբունքների կիրառմամբ: ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի և Միջազգային տնտեսական հարաբերությունների կազմակերպության (OiER) ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել միջազգային փորձագետների` 2015 թվականի փետրվար ամսին Հայաստան գործուղելու վերաբերյալ` Գորիս քաղաքում նախնական ուսումնասիրություններ կատարելու և «խելացի» քաղաքների միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությամբ հայեցակարգի մշակմանն աջակցելու համար:

Նմանատիպ նյութեր