1486 դիտում
14:13 24-11-2014
Կոտայքի 10 համայնքներում վերարտադրողական առողջությանը նվիրված սեմինարներ կանցկացվեն
«Սոցիալական և երիտասարդական աշխատողներ» հասարակական կազմակերպությունը Կոտայքի մարզի Քասախ, Պռոշյան, Արգել, Նոր Գեղի, Պտղնի, Բուժական, Նոր Արտամետ, Նոր Երզնկա, Զովունի, Զորավան գյուղական համայնքներում իրականացնում է «Իրազեկությունն առողջ ապագայի գրավական» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում 16-25 տարեկան երիտասարդների համար անցկացվում են տեղեկատվական դասընթացներ՝ նպաստելով գյուղաբնակ դեռահասների և երիտասարդների մոտ վերարտադրողական առողջության վերաբերյալ գիտելիքների մակարդակի բարձրացմանը:
Հերթական հանդիպումը նոյեմբերի 24-ին Նոր Արտամետ համայնքում էր։
Ծրագրի փորձագետ Շուշան Սահակյանը նշում է, որ դասընթացների շրջանակներում մասնակիցների հետ զրուցում են առողջ ապրելակերպի, սեռավարակների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, դրանց կանխարգելման մասին։
Հանդիպումների ժամանակ մասնակիցներին նաև տրամադրվում է տեղեկատվություն տեղական և միջազգային կազմակերպություններում առկա համապատասխան ծառայություններից օգտվելու հնարավորությունների, կրթական, առողջ ապրելակերպի, վերարտադրողական առողջության վերաբերյալ ծրագրերի մասին: Սեմինարների ավարտին կտպագրվեն տեղեկատվական թերթիկներ, որոնք կներառեն առաջնային և կարևոր ինֆորմացիա վերարտադրողական առողջության վերաբերյալ, որոնք էլ կտարածվեն ինչպես մասնակից համայնքներում, այնպես էլ՝ Երևանում:
Նոր Արտամետի դպրոցի աշակերտուհի Ռուզաննա Սարգսյանը սովորում է ռեժիսորական ստուդիայում, որտեղ նկարահանել են ֆիլմ, որը ՄԻԱՎ-ով վարակված մի կնոջ մասին էր։ Ռուզաննան նշում է, ծանոթացել և զրուցել է այդ կնոջ դստեր հետ, ում հասարակությունն ամբողջովին մեկուսացրել էր։ Ոչ ոք այդ աղջկա հետ չէր շփվում միայն այն պատճառով, որ աղջկա մայրը ՄԻԱՎ վարակակիր էր, մինչդեռ այդ աղջիկը ոչ մի վտանգ չէր կարող ներկայացնել հասարակությանը։ «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին տեղեկություններ ձեռք եմ բերել ֆիլմը նկարահանելու ընթացքում։ Նման հանդիպումներն օգնում են, որպեսզի երիտասարդներն առավել տեղեկացված լինեն վերարտադրողական առողջության մասին և հետագայում հնարավորինս խուսափեն անցանկալի հետևանքներից»,- նշեց Ռուզաննա Սարգսյանը։
Սեմինարի ընթացքում կիրառվում է նաև արթ-թերապիայի մեթոդը, որը հնարավորություն է տալիս մասնակիցներին գույների միջոցով ինքնարտահայտվել, ներկայացնել խնդրի դրական և բացասական կողմերը՝ արդյունքում ստանալով պատկերներ, որոնք իրենց հերթին ավելի տեսանելի են դարձնում վերարտադրողական առողջության մասին տեղեկատվության պակասի հետևանքով առաջացող հիվանդություններն ու բացասական երևույթները:
Նշենք, որ «Իրազեկությունն առողջ ապագայի գրավական» ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Այն դրամաշնորհի է արժանացել «Վերարտադրողական առողջության հետ կապված տեղեկատվության տարածում երիտասարդության շրջանում» անվանակարգում։
Նմանատիպ նյութեր
2233 դիտում
20:32 18-10-2019
ԵՊԲՀ-ում մեկնարկել է սեռական և վերարտադրողական առողջությանը նվիրված միջազգային գիտաժողով
1404 դիտում
15:57 30-06-2014
Սեմինարներ՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի քիմիայի և կենսաբանության ուսուցիչների համար
Այս բաժնից
760 դիտում
16:46 14-01-2025
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
871 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի