211652_close_icon
views-count1389 դիտում article-date 15:57 30-06-2014

Սեմինարներ՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի քիմիայի և կենսաբանության ուսուցիչների համար

Տավուշի մարզի սահմանամերձ 15 գյուղերի քիմիայի և կենսաբանության 25 ուսուցիչներ հունիսի 27-ից հուլիսի 1-ը Ծաղկաձորում քննարկում են դպրոց-գիտություն կապի ամրապնդմանն առնչվող հարցեր։ Նախաձեռնությունը «Երիտասարդ քիմիկոսների ասոցիացիա» հասարակական կազմակերպությանն է։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Ծրագրի համակարգող Արսեն Սահակյանը տեղեկացնում է, որ սեմինարներին մասնակցության համար ընտրվել են Տավուշի մարզի՝ հայ-ադրբեջանական սահմանին ամենամոտ գյուղերի ուսուցիչները։ Հնգօրյա քննարկումների ընթացքում Գիտությունների ազգային ակադեմիայի տարբեր ինստիտուտների գիտնականները, Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցները ներկայացնում են գիտությանն առնչվող խնդիրներ, գիտության ասպարեզում իրենց անցած ուղին։ Ուսուցիչները սովորում են ժամանակակից դպրոցներում մատուցվող, միջոցներ չպահանջող քիմիական և կենսաբանական փորձեր` հետագայում աշակերտներին ցուցադրելու նպատակով: Ներկայացվում են նաև ֆիլմեր, խաղեր, վարժություններ, որոնք հետագայում հնարավոր կլինի կազմակերպել աշակերտների մասնակցությամբ։ Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի միջնակարգ դպրոցի քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի Սոնիչկա Բայրամյանի տեղեկացմամբ՝ Ոսկեպարի դպրոցն ունի քիմիայի և կենսաբանության լաբորատորիաներ. «Կենսաբանական նյութեր վերջերս ենք ստացել։ Քիմիական սարքավորումներ դպրոցն ունի, բայց քիմիական նյութերի որոշակի պակաս կա։ Բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, մեր շրջանավարտներից մեկն այս տարի գերազանցությամբ ավարտել է Ճարտարագիտական համալսարանի քիմիայի ֆակուլտետի բակալավրիատը»։ Տավուշի մարզի Այգեձոր գյուղի միջնակարգ դպրոցի քիմիայի և կենսաբանության ուսուցիչ Հայկ Ծաղկյանը 30 տարեկան է, ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը և վերադարձել հայրենի գյուղ, ու արդեն 7 տարի է՝ իր գիտելիքները ներդնում է ծննդավայրի զարգացման գործում։ «Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է աշխատել իմ հայրենի գյուղում։ Սահմանամերձ գյուղը, իհարկե, ունի խնդիրներ՝ նյութական, սոցիալական, սակայն այդ ամենը հաղթահարելով՝ շատ երեխաներ շարունակում են իրենց ուսումը բնագիտական առարկաների գծով, շատ են դիմում հատկապես բժշկական համալսարան»,- ասում է երիտասարդ ուսուցիչը։ Հայկ Ծաղկյանը նաև տեղեկացնում է, որ Այգեձորի դպրոցում սովորում է մոտ 240 աշակերտ, մասնագետների պակաս չունեն։ Ծաղկաձորյան սեմինարի մասնակիցները նշում են, որ մասնագիտական նման քննարկումները խիստ անհրաժեշտ են, քանի որ դրանց ընթացքում տեղեկանում են գիտության նորագույն ձեռքբերումներին, յուրացնում են ժամանակակից մեթոդներ, որոնց շնորհիվ հետագայում ավելի հետաքրքիր կդարձնեն ուսման պրոցեսը երեխաների համար։ Ուսուցիչները նշում են նաև, որ նման հանդիպումների միջոցով գիտնականներին ծանոթացնում են սահմանամերձ գյուղերի դպրոցներում առկա խնդիրներին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր