Պան Գի Մունը դատապարտել է հայկական ուղղաթիռի կործանումը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռի կործանումը և զսպվածության կոչ արել հակամարտող կողմերին: Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հաքը հայտարարել է Նյու Յորքում ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է TASS գործակալությունը:
Վերջինս ընդգծել է, որ Պան Գի Մունին մեծապես մտահոգել է տեղի ունեցածը, որի մասին իրեն իրազեկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նա կոչ է արել հարգել հրադադարի պահպանման և հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ուղիներ փնտրելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունները և խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կհանգեցնեն իրադրության շիկացման:
Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Միջադեպի հետևանքով զոհվել են ուղղաթիռի անձնակազմի 3 անդամները՝ անձնակազմի հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանը և լեյտենանտ Ազատ Սահակյանն ու ավագ լեյտենանտ Սերգեյ Նազարյանը: