211652_close_icon
views-count648 դիտում article-date 12:18 11-11-2014

Մենք դեռ շատ անելիքներ ունենք հասարակության բոլոր անդամների համար հավասար հնարավորություններ երաշխավորելու. ՀՀ վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի պետական համալսարանում ներկա է գտնվել սոցիալական աշխատողի օրվան ու սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի 10-ամյակին նվիրված համաժողովի հանդիսավոր բացմանը: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով սոցիալական աշխատողներին մասնագիտական տոնի առթիվ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Սոցիալական աշխատողները մեր երկրում կարևոր առաքելություն են իրականացնում, ինչը պահանջում է մեծ կազմակերպվածություն, ջանքերի կենտրոնացում, երբեմն նաև գերլարում, հատկապես երբ գործ ունեն բնակչության առավել խոցելի շերտերի հետ: Դրան զուգընթաց այն պահանջում է նաև մարդկանց իրավունքների հանդեպ հարգանքի և հումանիզմի սկզբունքների վրա հիմնված հատուկ վերաբերմունք, ես կասեի՝ սրտացավ մոտեցում»: Վարչապետի խոսքով՝ սոցիալական ոլորտի ներկա բարեփոխումներն իրականացվում են սոցիալական ծառայությունների համալիր մատուցման նոր մոտեցումներով և նպատակ ունեն ոչ միայն արձագանքել առկա կարիքներին, այլև կանխատեսել ու հնարավորինս կառավարելի դարձնել հետագա ռիսկերը: Իսկ ոլորտում հաջողությունների գրանցումը կախված է ոչ միայն բարելավված օրենքներից և կատարելագործված ընթացակարգերից, այլև դրանք կյանքի կոչելու հանձնառությունից: «Մենք դեռևս շատ անելիքներ ունենք աղքատությունը կրճատելու, հասարակության բոլոր անդամների համար հավասար հնարավորություններ երաշխավորելու, մարդկանց կարիքները հոգալու համար: Դուք և այս դահլիճից դուրս գտնվող սոցիալական ոլորտի հազարավոր մյուս ներկայացուցիչները կոչված եք ձեր ամենօրյա աշխատանքով օգնել մարդկանց հնարավորինս թեթևացնել իրենց հոգսերը, լուծել իրենց սոցիալական խնդիրները: Թեև հեռու ենք դեռևս մեր՝ սոցիալապես զարգացած հասարակություն ունենալու վերջնական նպատակից, սակայն կատարվող աշխատանքը, գործադրվող ջանքերն արժանի են բարձր գնահատականի, քանի որ օգնում են գնալ դեպի նպատակների իրականացում», - հավելել է կառավարության ղեկավարը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր